211652_close_icon
views-count3716 դիտում article-date 12:47 29-04-2016

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձում ասված է. «Պարարվեստի սիրելի գործիչներ, Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը, և մեզ հրաշալի առիթ է ընձեռված մեկ անգամ ևս արժևորելու պարարվեստի հայ գործիչների՝ իրենց կոչմանն իրապես նվիրյալ մարդկանց երախտիքն ու վաստակը: Մարդկային մտքի և զգացմունքի ամենաանկեղծ արտահայտչամիջոցի՝ պարի լեզվով հայն արտահայտել է իր տոկունությունն ու ուժը, նաև թախիծն ու վիշտը: Ուրախացել է, լաց եղել, և երբ բառերը չեն լսվել, երգել է հայը, երբ երգն անզոր էր՝ շուրջպար է բռնել՝ ապացուցելով լինելիության և հավերժության ձգտումը, ապրելու և արարելու պարզ մարդկային ցանկությունը: Այսօր ևս, մենք հայկական շուրջպարի պես միախմբվելու և միասնական լինելու հրամայականն ունենք, մեր արվեստով` նաև մեր պարով քառորդդարյա մեր անկախությունը պիտի պահպանենք և զարգացնենք, պաշտպանենք ու անշրջելի դարձնենք: Մեծ է ձեր դերակատարությունը այս գործում. դուք հայ մշակույթի, հայկական ինքնության պահպանման և մեր երկրի հոգևոր առաջընթացի առաջամարտիկներից եք: Պարարվեստի սիրելի գործիչներ, օրվա առիթն օգտագործելով, թույլ տվեք կրկին շնորհավորել ձեզ՝ մաղթելով ստեղծագործական ներշնչանքի բերկրալի պահեր և լեփլեցուն դահլիճներ»:

Նմանատիպ նյութեր