211652_close_icon
views-count1383 դիտում article-date 15:40 23-01-2015

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը Ավստրիա

Ս. թ. հունվարի 18-20-ը կայացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը Ավստրիայի Հանրապետություն: Հունվարի 18-ին նախարարը ներկա է գտնվել Ավստրիայի Կարինթիա երկրամասի մայրաքաղաք Քլագենֆուրտի «Կոնցերտհաուս» համերգասրահում տեղի ունեցած, երգահան և դաշնակահար Կարեն Ասատրյանի` երգչախմբի և ջազային քառյակի համար գրած «Աղոթքի անիվ» պատարագի պրեմիերային: Ստեղծագործությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին և ավստրիացի հանդիսատեսի կողմից մեծ ընդունելության է արժանացել: Հունվարի 19-ի առավոտյան Հասմիկ Պողոսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ավստրիայի Արվեստների և մշակույթի, սահմանադրության և լրատվամիջոցների դաշնային նախարար, դոկտոր Յոզեֆ Օստերմայերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Երկու երկրների մշակույթի նախարարները ստորագրել են «Հայաստանի մշակույթի նախարարության և Ավստրիայի վարչապետարանի միջև արվեստի և մշակույթի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի և ավստրիական գործընկերոջ կողմից ի պատիվ Հասմիկ Պողոսյանի տրված պաշտոնական ճաշի ընթացքում քննարկվել է մշակույթի և արվեստի ոլորտներին առնչվող` երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հունվարի 19-ի երեկոյան նախարար Պողոսյանը մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող, «Հայաստան» կենտրոնում դեսպանության կողմից կազմակերպված` հայ արվեստին և Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի խորհրդարանի անդամներ, մշակութային կառույցների, Ավստրիայի արտաքին գերատեսչության, կառավարական այլ մարմինների, լրատվամիջոցների, հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել Հասմիկ Պողոսյանը, ով այնուհետև ՀՀ մշակույթի նախարարության կողմից սահմանված «Գրանշան» 2013 թ. առաջին մրցանակի դիպլոմ է հանձնել ավստրուհի Լիզա Շուլցին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված` հեղինակի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակների հավաքածուի շնորհանդեսը, որը ներկայացրել է նախագծի հեղինակ Ռուբեն Տոնիկյանը: Վիեննաբնակ հայ կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիգեն Կզարթմյանը ներկայացրել է Կոմիտասին նվիրված իր «Ծիրանի ծառ» երաժշտական նախագիծը, որը Կոմիտասի դրամատիկ և հոգևոր ստեղծագործությունների վերամշակման փորձ է ժամանակակից կինոերաժշտության արտահայտչաձևերով՝ գործիքավորված դասական-սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական գործիքների համար:

Նմանատիպ նյութեր