Գեղարքունիքի մարզում «գոլդ» համարանիշներով Mercedes Benz G մակնիշի ավտոմեքենան վթարից հետո կողաշրջվել է. կան վիրավորներ
                        Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝  մարտի 25-ին,  Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը  23:30-ի սահմաններում Վարդաձոր գյուղի բնակիչ 29-ամյա Ռուբեն Գրիգորյանը իր կողմից վարած Mercedes Benz   մակնիշի 50 RU  001 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53 կմ հատվածում դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:՛ 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով վարորդ Ռ.  Գրիգորյանն ու նրա ուղևորներ,  համագյուղացիներ 21-ամյա Ռաֆայել Ավետիսյանը,  21-ամյա Սևակ Ավետիսյանը և 22-ամյա Գեղամ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու   բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝  Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի  4-րդ վաշտի աշխատակիցները:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


