211652_close_icon
views-count1379 դիտում article-date 19:26 17-03-2014

Հունգարիայի Օմբուդսմենը Կարեն Անդրեասյանին է ներկայացրել Սաֆարովի գործով արտահերթ զեկույցը և դատապարտել է մարդասպանի արտահանձնումը

Օրերս Հունգարիայի Օմբուդսմենը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ներկայացրեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Հունգարիայի Օմբուդսմենի արտահերթ զեկույցը: Հունգարիայի Օմբուդսմենը քննադատել է հունգարական կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարի գործողությունները՝ կապված Սաֆարովի արտահանձնման հետ: Զեկույցում մասնավորապես նշված է. «Երբ խոսքը վերաբերում է նման դեպքերին, պետությունը պետք է ավելի աչալուրջ լինի և պահանջի հստակ երաշխիքներ, այնինչ Արդարադատության նախարարը, էքստրադիցիայի համաձայնությունը տալիս, որևէ գրավոր երաշխիք չի պահանջել ադրբեջանական կողմից այն մասին, որ հայրենիքում նույնպես Սաֆարովն իր պատիժը կկրի ամբողջ խստությամբ: Արդարադատության նախարարը պետք է հաշվի առներ, որ Հունգարիայի և Ադրբեջանի հասարակությունները ամբողջապես տարբեր մոտեցումներ ունեին ինչպես դատապարտյալի, այնպես էլ նրա կատարած հանցանքի վերաբերյալ»: Զեկույցում շեշտվում է նաև, որ «Նման կերպ վարվելով՝ Արդարադատության նախարարը ուղղակիորեն վտանգել է օրենքի գերակայության սկզբունքի կիրառությունը և դրանից բխող իրավական որոշակիությունը: Արդյունքում, համաձայնելով էքստրադիցիային, նա թուլացրել է իր իսկ երկրի քաղաքացիների հավատը սեփական երկրում արդարության և վստահության նկատմամբ»: Բուդապեշտում Հունգարիայի Հանձնակատարի հետ վերջին հանդիպման ժամանակ Կարեն Անդրեասյանը կարևորել է երկու երկրների Օմբուդսմենների համագործակցությունը, նշելով, որ Օմբուդսմենի ինստիտուտը ապաքաղաքական մարմին է, և անկախ իրենց երկրների վարած քաղաքականությունից կամ դիվանագիտական հարաբերություններին, այդ կառույցները պիտի շարունակեն համագործակցել հանուն մարդու իրավուքների պաշտպանության:

Նմանատիպ նյութեր