Շղթայական ավտովթար Երևանում, «Իմպերիա» ռեստորանային համալիրի դիմաց. կա վիրավոր
Այսօր, մարտի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում «Իմպերիա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 52-ամյա Նորիկ Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 80 VV 001 համարանիշի, 36-ամյա Արտյոմ Վարդանյանի Daewoo մակնիշի 35 ՕՍ 308 համարանիշի 50-ամյա Արայիկ Պեպոյանի վարած Opel մակնիշի 34 PO 008 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհի, Երևանի բնակիչ 51-ամյա Սոխակ Սիմոնյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել 1-03 շտապօգնության և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը: Նրա կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և նրա հանձնարարությամբ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի