211652_close_icon
views-count738 դիտում article-date 18:06 03-03-2014

Սումգայիթյան ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Մարտի 2-ին Ստրասբուրգի Սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցում Տեր Վաչե քահանա Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված 1988թ-ի փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին։ Ելույթի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, ով, մասնավորապես, նշեց, որ 26 տարի առաջ Սումգայիթի հայ բնակիչները դարձան ռասիզմով և հայատյացությամբ բորբոքված ոճրագործության զոհեր։ Այս դեպքերով սկիզբ դրվեց ադրբեջանական իշխանությունների այն տխրահռչակ քաղաքականությանը, ինչը 90թ.-ին բերեց Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում կազմակերպված խաղաղ հայ բնակչության ջարդերին։ Դեսպան Պապիկյանը հավելեց, որ կատարված ոճիրները մինչև այսօր չեն ստացել համարժեք գնահատականներ, ինչի հետևանքով է նաև, որ ի հայտ եկավ Ադրբեջանի այդ հայատյաց քաղաքականության հերթական անփառունակ դրսևորումը՝ մարդասպան Սաֆարովի հերոսացումը Ադրբեջանում։ «Առաջադեմ մարդկությունը, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդն իրենց խիստ անհամաձայնությունն ու մտահոգությունն են հայտնել այս դեպքի առնչությամբ։ Այսօր մեր առջև ծառացած խնդիրներից է միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնել հայ ժողովրդի պատմության այս և այլ ողբերգական իրադարձությունները, ինչպես նաև հակազդել պատմական փաստերի խեղաթյուրմանը»,-իր խոսքը եզրափակեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներակայացուցիչը՝ կարևորելով նաև Հայաստանի և Սփյուռքի համախմբվածությունը համազգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում։

Նմանատիպ նյութեր