211652_close_icon
views-count4356 դիտում article-date 22:08 27-02-2020

Այսօր մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ

Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն ձևավորեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի էությունը․ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում ինքնորոշման իրավունքի իրականացմամբ: Սումգայիթյան ոճրագործությունը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մայրցամաքում ինքնության հողի վրա կատարված առաջին զանգվածային ոճրագործությունն էր, որին հաջորդեցին Ադրբեջանի կողմից առավել ծրագրված և մեծ մասշտաբներով իրականացված նոր ոճիրներ՝ Բաքվում, Կիրովաբադում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներում՝ Շահումյանի շրջանում, Մարտակերտի և Մարտունու առանձին հատվածներում։ Սումգայիթյան եղեռնագործության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների գնահատականը լավագույնս է արտահայտում ԼՂ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամության բացակայությունը։ Երեք տասնամյակի ընթացքում փոխվել են շեշտադրումները՝ ջարդարարների հերոսացումից մինչև զոհերին ջարդերի կազմակերպման մեջ մեղադրելը։ Անփոփոխ են մնացել ադրբեջանական կողմից իրականացված մարդու իրավունքների զանգվածային և ծանրագույն խախտումների համար որևէ պատասխանատվություն ստանձնելու ցանկության բացակայությունը և հայերի հանդեպ ունեցած ցեղասպան մտադրությունը։ Այսօր մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ։

Նմանատիպ նյութեր