2761 դիտում
19:42 03-02-2014
Օգնենք մեզ. ծնունդները նվազել են
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով առկա բնակչությունը 3 միլիոն է, 1 տարում պակասել է 9.500-ով, իսկ ծնունդները նվազել են 1,7 տոկոսով: Այսինքն` բնակչությունը նվազում է և միաժամանակ ծերանում: ԱՎԾ-ի հրապարակմանը հաջորդել է ԱԱԽ քարտուղարի ասուլիսը, որտեղ անդրադարձ կա արտագաղթի խնդրին, սակայն ծնունդների նվազման խնդիրն աչքաթող է արված:
Ակնհայտ է, որ արտագաղթի կանխմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ չեն կիրառվելու: Սակայն այս հարցում կարող են օգնել այն երկրները, որտեղ մեկնում են ՀՀ քաղաքացիները: Օրինակ` հայ գաղթականներով հարուստ երկներից մեկն ընդունել է նոր օրենք, որն արգելում է գաղթյալներին մնալ երկրում 90 օրից ավելի: Եթե նման օրենք ընդունեն բոլոր այն երկրները, որտեղ շատ են մեկնում հայերը, ապա տեսականորեն հնարավոր է, որ արտագաղթը, որպես խնդիր, վերանա: Իսկ ծնունդների նվազման խնդիրը չի հետաքրքրում կառավարության անդամներին:
Օրինակ` Չինաստանում հանվել է 2-րդ երեխա ունենալու արգելքը: Դա արվեց այն բանից հետո, երբ շատ չինացիներ սկսեցին գանգատվել տարբեր տեսակի հոգեբանական խնդիրներից: Իրանի նախկին նախագահը պարբերաբար հորդորում էր իրանցիներին շուտ ամուսնանալ և շատ երեխա ունենալ: Այդպիսով նրանք ձգտում էին ուժեղացնել երկիրը միջազգային մարտահրավերին դիմակայելու համար: Ծնունդների թիվն ավելացնելու խնդրի փոխարենը Հայաստանում կա ծերերի բարեկեցությունը ապահովելու խնդիր, որովհետև բնակչությունն գնալով ավելի է ծերանում:
Այս պարզ պատճառով կառավարությունը կարևորում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումները: Եվ մարդկանց ապահով ծերության մասին մտահոգությունը իր վրա վերցնելով`ներդնում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգ: Պարտադիր կուտակայինի նախաձեռնությունը նշանակում է, որ վաղվա օրվա հետ կապված հույսեր, երազանքներ չկան: Նոր նվաճումների, ձեռքբերումների մասին չի խոսվում, բայց ծերություն ապահովելը կարևորվում է:
Այդ պատճառով զարմանալի չէ, որ պարտադիր կուտակայինի դեմ ընդվզում են երիտասարդները: Նրանք առանց հիմնավորելու էլ հասկանում են, որ այս ընթացքը մահ տանող ճանապարհ է: Իսկ երիտասարդն ուզում է ապրել և մահվան մասին չի էլ մտածում: Եվ դա բնական է: Ծնելիությունը խթանելու հարցում մեծ դեր ունեն կառավարությունը, հասարակական կազմակերպությունները, եկեղեցին, ինչպես նաև աղանդները: Վերջիններս իրենց հետևորդների թիվը բնական ճանապարհով ավելացնելու համար կարող են հորդորել իրենց հավատացյալներին շատ երեխա ունենալ:
Առաքելական եկեղեցին էլ իր հերթին կարող է հորդորել իր հետևորդներին շատ երեխա ունենալ, որպեսզի կանխեն աղանդների հնարավոր գրոհները: Այսպիսով ծնունդների, ասել է, թե` նոր կյանքերի թվի աճը վաղվա օրվա մասին մտածողի առաջնային խնդիրը պիտի լինի, որի լուծման ցանկացած մեխանիզմ արդարացի է: Սա այն դեպքերից է, երբ նպատակն արդարացնում է միջոցները:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
5103 դիտում
15:57 03-04-2018
Գեղարքունիքի մարզում ծնունդները նախորդ տարվա մարտի համեմատ նվազել են
1420 դիտում
23:40 02-10-2019
Գեղարքունիքում նախորդ սեպտեմբերի համեմատ նվազել են ծնունդները
940 դիտում
15:31 07-07-2023
Հունվար-մայիսին Հայաստանում աճել են ծնունդները, նվազել մահերը և ամուսնալուծությունները