211652_close_icon
views-count107877 դիտում article-date 17:54 02-10-2026

Կրակոցներ Երևանում․ 103 շտապօգնության բժիշկները հրազենային վիրավորումով տղամարդու վիճակը մասամբ կայունացրել և հոսպիտալացրել են, որտեղ պայքարում են նրա կյանքի համար․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված Mercedes․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու։

Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել աջ ազդրի հատվածում։

Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության օպերատիվ խումբը։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ 

Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, որտեղ է նա հրազենային վնասվածք ստացել, նրա ամբողջական տվյալները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ու երբ պարզվի դեպքի վայրը, այդ ժամանակ տեղեկությունը կփոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի հանցագործության վայրի վարչական տարածքի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, 8 կրակված պարկուճ և «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ի սեփականատերը միջադեպի հետ կապ չունի, պարզապես նա ավտոմեքենան կայանել է բակում, որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ կրակոցների հետևանքով այն նույնպես վնասվել է։

Այս պահին արդեն ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի պետի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր