211652_close_icon
views-count90998 դիտում article-date 22:24 17-01-2023

Կրակոցներ Երևանում. բժիշկները պայքարում են 28-ամյա երիտասարդի կյանքի համար, դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 գնդակ, 2 պարկուճ և կրակոցից վնասված Toyota, ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի շրջանում առկա հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 28-ամյա Արեգ Կարինյանն է։ 

Ոստիկանները պարզել են նաև, որ նա հրազենային վնասվածքը ստացել է Թումանյան 27 շենքի բակում դեռևս չճշտված անձի կողմից արձակված կրակոցների հետևանքով։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկային ծառայության Երևանի  գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է դեռևս չճշտված ատրճանակից կրակված 2 պարկուճ, 3 գնդակ, ինչպես նաև բակում կայանված Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է կրակոցի հետք։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր