135755 դիտում
18:56 21-07-2018
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի. սպանություն է, ավտովթար, թե դժբախտ պատահար, ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 17:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը, և հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Հրշեջները՝ Գորիսի ոստիկանների, քաղաքացիների օգնությամբ փորձել են մարել Nissan մակնիշի 04 AM 014 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները:
Տեղում դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները:
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ավտովթար, թե սպանություն, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ իրականացնելուց հետո:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի սեռը և ինքնությունը:
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներրը ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Մինասյանն էր: Այս տեղեկությունը նույնպես ճշտվում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է Ա. Մինասյանի անվամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+