371618 դիտում
21:46 04-01-2018
Դաժան ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 55-ամյա վարորդը խմած վիճակում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հոգեհանգստի մասնակիցներին. կա 2 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ալեքսան Մկրտչյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 55 OQ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 39-ամյա Գրետա Ղուկասյանին, 41-ամյա Իռա Շահնազարյանին, 49-ամյա Սուսաննա Գրիգորյանին և 45-ամյա Նաիռա Աղաջանյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Ս. Գրիգորյանը, Գ. Ղուկասյանը, Ի. Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, իսկ Ն. Աղաջանյանը տեղում մահացել է։
Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից հեռացել է, սակայն կարճ ժամանակ անց ավտոմեքենան կայանել է վրաերթի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող CPS բենզալցակայանի մոտ, այնուհետ մեղայականով ներկայացել Ոստիկանության Մեծամորի բաժին։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի և քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (0.42 տոկոս խմած) վիճակում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդը մեքենան այնքան արագ է վարել, որ վրաերթի ենթարկվածներից մահացածը մոտ 30 մետր շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի, իսկ նա և վիրավորները մասնակցելիս են եղել վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող սգո սրահում իրենց ազգականի հոգեհանգստյան արարողությանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն ու Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ, ու եթե ոստիկանները վրաերթի հեղինակ ճիվաղին չպահեին, ապա վրաերթի ենթարկվածների հարազատները հաշվեհարդար կտեսնեին նրա հետ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[b]
00:50[/b]
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, [color=#EF2929]որ վիրավորներից Ս. Գրիգորյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացավ, իսկ փաստի առթիվ հարուցված քրեական գործը քննիչի որոշմամբ վերաորակվել է ՀՀ քր. օր.-ի 242 հոդածի 3 մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ հատկանիշներով:[/color]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+