Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Աղավնատուն գյուղի ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի
Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդանի 3ա ճյուղ կոչվող ջրանցքում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հարություն Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Արշակ Կիրակոսյանը:
Ժամանում են նաև Վաղարշապատի հրշեջ-փրկարարները, որպեսզի ջրատարից դուրս բերեն դին: Փաստի առթիվ քննիչ Ա. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի