211652_close_icon
views-count49861 դիտում article-date 22:05 24-03-2023

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. Արշալույս գյուղի ջրատարում հայտնաբերվել է ձախ դաստակը անդամահատված կնոջ կիսամոխրացած դի. ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ այրված դի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:
Հաշվի առնելով դեպքի առեղծվածային լինելու հանգամանքը՝ ժամանել է նաև Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ա. Դոլինյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի, ավագ քննիչ Մ. Զաքարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված ջրատարի մեջ հայտնաբերել են ամբողջությամբ այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կնոջ ձախ դաստակը անդամահատված է եղել:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դին ջրատարից դուրս բերելու համար ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանքը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ձեռնարկվում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր