48823 դիտում
11:29 12-06-2015
Լարված իրավիճակ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ և ոստիկանության ծառայողներ. բնակիչները պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1,5 ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Դեղատան 4 շենքի բակում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ շինարարական աշխատանքներ իրականացնող «Ռենկո» ընկերության կատարած անփույթ գործողությունների հետևանքով շենքն ամբողջովին դարձել է վթարային:
Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ բազմաթիվ անգամներ դիմել են պատկան մարմիններին, սակայն՝ ոչ մի արդյունք: Նրանք չգիտեն, թե ինչ է լինելու: Շինարարական աշխատանքներն անգամ ողջ գիշերն են կատարվում:
Այս պահին ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբն ու թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, սակայն բնակիչները վստահ են, որ քաղաքապետարանի աշխատողները հերթական «լո լո»-ն են կարդալու ու «փափուկ բարձ են դնելու իրենց գլխի տակ», իսկ շինարարությունն իրականացնողներն ագահի նման իրենց գործն են անելու:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված շենքում բնակվում է 11 ընտանիք՝ մոտ 40 մարդկանցով, որոնց մեջ կան ծերեր, մանկահասակներ և հաշմանդամներ:
Բնակիչներն ասում են նաև, որ եթե այս անգամ հարցը չլուծվի, ապա իրենց այլ ելք չի մնում, քան ընտանիքներով բողոքի ակցիաներ սկսեն կառավարության առջև:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+