211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Chevrolet»-ն բախվել է գազախողովակներին, ապա բնակչի երկաթե դարպասին․ կա 1 զոհ, 3 վիրավոր, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել Եղվարդի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count13699 դիտում article-date 09:16 09-05-2025
Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Միտուշ Հ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, անցել բազալտե եզրաքարի վրայով և բախվել թիվ 98 հասցեի երկաթե դարպասներին ու քարե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Միտուշ Հ․-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բանկիչներ 28-ամյա Արամ Հ․-ն, 27-ամյա Հովսեփ Մ․-ն և 30-ամյա Գոռ Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Երթևեկությունը նշված փողոցում ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ գազախողովակների կոտրվելու արդյունքում այն հայտնվել էր փողոցի բանուկ մասում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ  վիրավորներից Միտուշ Հ․-ն գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանալ են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր