211652_close_icon
views-count43496 դիտում article-date 15:52 15-03-2015

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Մեծամորում կնունքն ավարտվել է ծեծկռտուքով. քավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի հետին մակերեսի աջից կտրած-ծակած թափանցող վերք՝ թոքի վնասումով, ենթամաշկային Էմֆիզեմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ Մեծամորի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի եւ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Այվազյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ այդ քաղաքացին հանդիսանում է Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 11 շենքի բնակիչ, 28-ամյա Արգամ Ավետիսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել Մեծամոր քաղաքում գտնվող «Հայկ» հանդիսությունների սրահի մոտից: Ոստիկանները հիվանդանոցից մեկնել են նշված հանդիսությունների սրահ, որտեղ ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սամվել Ավդոյանը: Կարճ ժամանակում Մեծամորի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ Ա. Ավետիսյանին պտուտակահանով («ատվյորկա») մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 45-ամյա Հրաչյա Գեւորգյանը: Ոստիկանններն ու քննիչները որոշ ժամանակ անց համատեղ ձեռնարկելով օպերատիվ գործողություններ՝ հայտնաբերել են Հ. Գեւորգյանին եւ տեղափոխել Ոստիկանության Մեծամորի բաժին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Գեւորգյանը ունի բազմաթիվ վնասվածքներ ու պարզվել է, որ նրան վնասվածքներ է պատճառել Ա. Ավետիսյանի եղբայրը՝ Արշավիրը, ում Արմավիրում ավելի շատ դիմում են «Արշակ»-ով, եւ «Հայկ» հանդիսությունների սրահում կնունքի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն՝ Հրաչյայի եւ Արշավիրի միջեւ, որի ժամանակ Արշավիրը ծեծի է ենթարկել Հրաչյային, նա էլ իր վարած Wolkcwagen մակնիշի ավտոմեքենայի միջից հանել է «ատվյորկան» եւ հարվածներ է հասցրել Արշավիրի եղբորը՝ կնունքի քավորին: Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Ավդոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա. Ավետիսյանին եւ Հ. Գեւորգյանին քննիչի որոշմամբ տրվել է դատաբժշկի ուղեգիր: Քիչ առաջ Ա. Ավետիսյանը «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր