23531 դիտում
09:54 20-01-2015
Փրկարարները վնասազերծել են «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահի տան դարպասին տեղադրված մարտական նռնակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 180/3 տան դարպասին տեղադրված նռնակ կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել թիվ 8 և 18 հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև ՀՀ ՏԿԱԻ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբը և ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնները, ինչպես նաև 1-03 շտապ օգնության թիվ 8 կայանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են դռան փականից կախված Ֆ-1 տիպի մարտական նռնակ, որը նրանց կողմից վնասազերծվեց և հանձնվեց ոստիկանության ծառայողներին:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի հետաքննիչ Հայկ Ներսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ, 56-ամյա Բագրատ Նավոյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է՝ որպես «Բագրատ Տուր»-ի ղեկավար:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Բ. Նավոյանն ասում էր, որ նախկինում էլ է նման դեպք տեղի ունեցել, սակայն, բարեբախտաբար, իրավապահները կարողացել են օպերատիվորեն ժամանել և վնասազերծել նռնակը և այդ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Իսկ թե ով կամ ովքեր են այդ արարքի հեղինակը, նա չկարողացավ պատասխանել՝ ասելով, որ իր համար էլ է անհասկանալի, որ նման բան է տեղի ունենում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը, ով իրավիճակի մասին հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր փոխանցում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+