26647 դիտում
23:56 07-12-2014
Խոշոր ավտովթար Երևանում. բժիշկները պայքարում են BMW-ի վարորդի կյանքի համար. ոստիկաններն էլ փնտրում են Mercedes-ն ու նրա վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում «Սոֆիա» տաքսի ծառայության մոտ ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Գրիգորյանը, ով պարզել է, որ բախվել են 24-ամյա Հակոբ Ֆարմանյանի վարած BMW մակնիշի 60 CC 601 համարանիշի և Երևանի բնակիչ, 47-ամյա Արշակ Փաշինյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 13 98 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ինչ-որ Mercedes-ի վարորդ, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանությունը և քննչական վարչությունը ձեռնարկում են օպերատիվ հետախոււզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքերը պարզելու և փախուստի դիմած Mercedes-ն ու նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+