211652_close_icon
views-count3814 դիտում article-date 15:29 11-01-2025

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. ավագ և կրտսեր պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վառվող «Mercedes»-ի կրակների միջից դուրս են բերել վարորդին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Արամ Սուջյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճնապարհի 49 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է նոր կառուցվող ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա ճանապարհաշինարարների կողմից տեղադրված նախազգուշացնող բետոնե ցուցանակներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում ու բռնկվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, վառվող ավտոմեքենայի կիպ մոտից դուրս են բերել նշված վայրով անցնող, ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Արամ Հովսեփյանն ու կրտսեր պարեկ Վարդան Խամոյանը:
 
Վերջիններս, վտանգելով իրենց կյանքը, մոտեցել են վառվող ավտոմեքենային ու հենց կրակի միջից դուրս են բերել վարորդին, տեղափոխել անվտանգ վայր, ահազանգել են «Թալին» բժշկական կենտրոն, ու մինչ օպերատիվորեն կժամաներ Թալինի շտապօգնության բժիշկների խումբը, պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում գտնվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներով անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանած բժիշկների հետ վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 
 
Թալինի բժիշկները տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ այնուհետև տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր մարել են մետաղե ջարդոնի վերածված «Mercedes»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Թալինի բաժնի հեթապահ խումբը՝ բաժնի պետ Արման Ավդալյանի գլխավորությամբ:
 
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Արգիշտի Գալստյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: 

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆիկ Անանյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 143+
143+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր