211652_close_icon

Արագածոտնի մարզում մի քանի կիլոմետրանոց մերկասառույց ճանապարհին առաջացած խցանման մեջ են հայտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն ու «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Դավթյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count10174 դիտում article-date 14:03 07-02-2026
Այսօր՝ փետրվարի 7-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի արտակարգ իրավիճակ էր ստեղեվել Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող ճանապարհահատվածում։ Մի քանի կիլոմետրանոց այդ ճանապարհը մերկասառույցի պատճառով անհարմարություններ էր ստեղծել վարորդների համար և խցանումը մի իսկական «աջաբսանդալի» էր վերածել ճանապարհը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որպես աշխատող կառույց միայն տեղում էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։

Փրկարարներն ու պարեկները մերկասառույց ճանապարհի տարբեր հատվածներից դուրս են բերել 60-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ մարդատար «Գազելներ»։ Իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը 3 ժամ անց նոր բարեհաճեց ու սկսեց աղ ու ավազի խառնուրդով կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր Ապարանում նշվում էր «Ապարանյան ձմեռ» միջոցառումը ու այնտեղ էին շտապում նաև շատ պաշտոնյաներ ու քաղաքացիներ, որոնց թվում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, մեկ այլ հայտնի գործարար Դավիթ Դավթյանը, և վերջինները ուշանում էին միջոցառումից, քանի որ նրանք նույնպես հայտնվել էին խցանման մեջ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավտոմեքենան վարում էր ամրակապված։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։

Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18-կիլոմետրանոց ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել էր հսկայական խցանում։

 Ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չէր իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել էր վարորդների զայրույթը, ովքեր ամենավերջին խոսքերն էին ուղղում ճանապարհը սպասարկող ընկերությանը։

Լարված էին աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, իսկ հսկայական խցանումն էլ արդեն 2 ժամ է՝ պահպանվում է։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր