211652_close_icon
views-count1822 դիտում article-date 14:36 03-11-2026

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն իրազեկում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը, ի՞նչ անել, եթե հին անձնագրում վիզա կա, նոր անձնագիր ստանալիս պարտադի՞ր է նույնականացման քարտ ունենալը։ Այս հարցերին է ՆԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում անդրադարձել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Ձեր փաստաթղթերը շարունակում են վավեր մնալ մինչև դրանց ժամկետի ավարտը։ Բայց եթե ունեք հին կապույտ անձնագիր և ցանկանում եք ստանալ նոր կարմիր կենսաչափական անձնագիր, կարող եք դիմել և ստանալ այն։ Պարզապես հիշեք՝ նոր անձնագիր ստանալուց հետո հինը դառնում է անվավեր։ Այն կդակվի և կվերադարձվի Ձեզ։

Իսկ ի՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք։ Վիզան շարունակում է գործել։ Պարզապես ճամփորդելիս Ձեզ հետ պետք է ունենաք և՛ նոր անձնագիրը, և՛ հինը, որում առկա է վիզան՝ հաշվի առնելով նաև տվյալ երկրի մուտքի կանոնները։

Նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար պարտադի՞ր է նույնականացման քարտ ունենալը։ Այո՛, 16 տարին լրացած քաղաքացիների համար այն պարտադիր է, իսկ մինչև 16 տարեկանների համար՝ ոչ։ Իսկ եթե նույնականացման քարտը հին նմուշի է, խնդիր չկա․ եթե այն վավեր է, փոխարինելու կարիք չկա։ Պարզապես Ձեր վավեր նույնականացման քարտով ակտիվացրեք խիստ նույնականացումը, որպեսզի նախագրանցումն ավելի հեշտ լինի»,- ասել է Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ ՆԳՆ-ի իրազեկումները շարունակական են լինելու։

Նմանատիպ նյութեր