211652_close_icon
views-count5169 դիտում article-date 10:38 19-07-2017

Պարտադի՞ր է, որ անկախությունն ու ազատությունը նույնականացվեն մեկուսացման և վախի հետ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. ««Եթե դուք այդ բանն անեք, մենք ձեզ հասարակական պարսավանքի կենթարկենք»: Այդ սպառնալիքը և դրա իրագործումն իմ մեջ միշտ բողոք են առաջացնում: Ընդ որում, անկախ նրանից` արդյոք այդ «պարսավանքի» թիրախը ճի՞շտ է, թե՞ սխալ: Որովհետև մենք խնդիր ունենք ինքնուրույն, ոչ շաբլոն մտածողության զարգացման: Մարդու, հատկապես երիտասարդի մեջ վախ սերմանել, թե որևէ կարծիք արտահայտելու կամ որևէ քայլ կատարելու համար նրա վրա զանգվածային հարձակում են գործելու, նշանակում է բարդույթավորել նրան, ստիպել, որ նա թաքցնի իր մտքերը կամ կամաց-կամաց տեղավորվի մտածողության իշխող ստանդարտի մեջ: Ոչ բոլորն են, որ ուժ ունեն դիմադրելու «հասարակական պարսավանքին», շատերը մտնում են իրենց պատյանի մեջ կամ դառնում են «բոլորի նման»: Վերջին դասական օրինակը ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումն էր: Եթե դու հրաժարվում ես դա բնութագրել իբրև «հերոսական ապստամբություն»՝ վերջ, «հասարակական պարսավանքն» ապահովված է: Նրանք, ովքեր անզեն, խաղաղ քաղաքական պայքարի կողմնակիցներ են, հայտնվում են թիրախի կարգավիճակում: Մարդիկ վախենում են այդ «պարսավանքից», չեն ուզում, որ իրենց «ժողովրդի թշնամու» պիտակ կպցնեն, դրա համար էլ ձայն չեն հանում: Արդյունքում, ինչպես ասում են, «majority rules»: Դպրոցում, երևի 7-8-րդ դասարանում, ինչ-որ մի առիթով ասացի «անձամբ ինձ թվում է...», ուսուցչուհին ինձ խիստ տոնով ընդհատեց, ասելով. «Անձամբ քեզ ոչ մի բան չի կարող թվալ, սկզբից դպրոցն ավարտիր, հետո անձամբ քո անունից խոսիր»: Հիմա, երբ ես դպրոցը վաղուց արդեն ավարտել եմ, ինձ թույլ տամ ասել՝ պետք չէ ոչ մեկին սպառնալ հա­սարակական պարսավանքով: Վերջերս, օրինակ, «հայու գենի» ջատագովները նման սպառնալիք են հնչեցրել «Մեդիա կենտրոնին»՝ վիճահարույց Ֆիլմը ցույց տալու մտադրության համար: Ընդհանրապես այդ «ջատագովների» արտահայ­տած մտքերը բավականին զավեշտալի են: Կիրակի օրն անցավ Երևանյան գունազարդ վազքարշավը, որի ընթացքում երիտասարդներն իրար վրա ներկ են շփում: Բայց, քանի որ այն անգլերեն կոչվում էր Yerevan Color ran, color («գույն», «գունավոր»), բառը կապվեց ծիածանի գույների հետ, իսկ վերջինս` ԼԳԲՏ համայնքի դրոշի հետ, և պարզվեց, որ վազ­քարշավը նույնպես չի տեղավորվում «հայու գենի» շր­ջանակներում: Լավ է, «հասարակական պարսավան­քին» գործը չհասավ: Գերմանացի փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմը գրում էր. «Արդյոք պարտադի՞ր է, որ անկախությունն ու ազատությունը նույնականացվեն մեկուսացման և վախի հետ: Թե՞ հնարավոր է դրական ազատության իրավիճակ, որում անհատը գոյություն ունի որպես անկախ անձնավորություն, բայց ոչ մեկուսացված, այլ աշխարհի, այլ մարդկանց և բնության հետ միացած: Կարծում եմ՝ այդ հարցին կարելի է դրական պատաս­խան տալ»: Հա, մոռացա, Ֆրոմն ազգությամբ հրեա էր, իսկ, ըստ «հայու գենի» տեսության, հրեաները վատ մարդիկ են, Հայոց ցեղասպանություն են կազ­մակերպել, հետևաբար՝ նրանց բոլոր ասածները սխալ են: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր