211652_close_icon

Սարի թաղի 19-րդ փողոցում դիտահորերից մեկը կոտրվել, իսկ մյուսից էլ կեղտաջուրը մի քանի կմ ողողել է տներն ու բակերը. գարշահոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից, իսկ քաղաքապետարանը, թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» «Քարկտիկ» են խաղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count709 դիտում article-date 16:43 26-02-2026
Տևական ժամանակ է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 19-րդ փողոցի 100-ից ավելի տների բնակիչներ չեն կարողանում ազատվել տարածքում տիրող գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։

Այսօր՝ փետրվարի 26-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«1 ամսից ավելի է՝ դիտահորերից, որոնցից մեկն արդեն կիսափլված վիճակում է, կեղտը դուրս է գալիս ու 19 փողոցից հոսելով անցնում տների մոտով, անգամ տների միջով և հասնում մինչև 14-րդ փողոց։ Ամեն օր ահազանգել ենք «Վեոլիա ջուր», եթե սկզբից ասում էին, թե կմոտենանք և խնդիրը կլուծենք, ապա վերջին 10 օրերի ընթացքում եթե պատասխանում են, ասում են թե դա իրենց գործը չէ։ Իսկ այսօր էլ, հավանաբար մեր հեռախոսահամարները ֆիքսվում են նրանց մոտ, տեսնում են, որ մենք ենք, չեն էլ պատասխանում։ 

Երեխաները այս կեղտաջրի միջով են դպրոցներ ու մանկապարտեզներ գնում։ Երևանի քաղաքապետարան ու Էրեբունու թաղապետարան դիմելն էլ արդեն օգուտ չի տալիս, որովհետև պատասխանում են, թե դա «Վեոլիա ջրի» տիրույթում է։ «Վեոլիայից» էլ օրը մի տեսակ պատասխան են տալիս, իսկ վերջին օրերին ընդհանրապես չեն պատասխանում։

Որպես սպառողներ՝ կանոնավոր բոլոր վճարումները կատարում ենք «Վեոլիա ջրին», բայց հիմա տեսնում եք, գարշահոտ ենք շնչում։ Առողջապահության նախարարությունը հորդորում է՝ պահենք սանիտարահիգիենիկ պայմանները, բայց լավ կլինի, որպեսզի Առողջապահության նախարարությունը մասնագետներ ուղարկի, գան էստեղ, իրենց աչքով տեսնեն ու իրենք էլ միջնորդեն «Վեոլիա ջրին» կամ այն կառույցին, որը սրա դեմը պիտի առնի, որ հրատապ աշխատանքներ կատարեն»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր