211652_close_icon
views-count1642 դիտում article-date 16:04 27-10-2026

Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարին, ում տեղափոխել են հիվանդանոց, առաջինը օգնության են հասել «Tesla»-ի վարորդը, ապագա պարեկն ու Երևանի 103 շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր հոկտեմբերի 27-ին, ավտոմեքենայի և մոպեդի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Շիրակի փողոցից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող Բաբաջանյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Մարտին Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված անձի վարած մոպեդը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է։

Մոպեդավարին առաջինն օգնության են հասել «Tesla»-ի վարորդը և նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի սան, ապագա պարեկը, և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահագն Միրզոյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա օտարերկրացի է, «Tesla»-ի վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը մոպեդավարին է եղել, ով ավտոմեքենաների միջով մի կերպ անցնելով պետք է բախվեր բեռնատարին, սակայն բախվեց «Tesla»-ին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր