211652_close_icon
views-count1738 դիտում article-date 09:56 11-10-2026

Երևանի բնակիչը շուրջ 30 տարի իր ընտանիքի հետ մշակած այգին կորցնելու վտանգի առաջ է կանգնած․ նա պնդում է, որ այգին այլ անձի է անցել կեղծ փաստաթղթերի միջոցով և դիմում է քաղաքապետին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի տարի է՝ Երևանի բնակիչ Վարդան Մուրադյանն ընտանիքի անդամների հետ պայքարում է շուրջ 30 տարի իրենց կողմից մշակված այգին պահպանելու համար։ Խոսքը Նորք-Մարաշ վարչական շրջանի Բուժաշխատողների փողոցում՝ Վարդան Մուրադյանի բնակարանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այգու մասին է։ Նրա խոսքով՝ ինքը ծնողների հետ երկար տարիներ մշակել է այդ տարածքը, տնկել ծառեր, խնամել դրանք և բարեխղճորեն տնօրինել այգին՝ այն վերածելով խնամված ու կանաչապատ տարածքի։ Սակայն տարիներ անց, ըստ նրա, հայտնվել է մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որը հայտարարել է, թե այգին իրեն է պատկանում, և պահանջել է, որ ընտանիքը հրաժարվի այդ տարածքից։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Մուրադյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակի մանրամասները՝ նշելով, որ այգու սեփականության շուրջ վեճն արդեն մի քանի տարի է՝ դատարաններում է։

«Երբ շուրջ 30 տարի առաջ սկսեցինք մշակել այս այգին, այստեղ անտառապատ ու անխնամ տարածք էր։ Այն ժամանակ այդ տարածքը սեփականաշնորհելու իրավունք չկար։ Տարիներն անցան, մեր ջանքերի շնորհիվ այգին ծաղկեց, ծառերը մեծացան, և հետագայում այդ տարածքը հանձնվեց քաղաքապետարանի տնօրինմանը։

2018 թվականին հայտնվեց ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ով հայտարարեց, որ այգին իրեն է պատկանում, և այն իրեն է հասել նվիրատվության միջոցով։

Դրանից հետո սկսվեցին դատական նիստերը, որոնք մինչ օրս շարունակվում են։ Մի փուլում մենք ենք հաղթում, մեկ այլ փուլում՝ չգիտես ինչպես, հաղթում են նրանք։ Փաստն այն է, որ մենք շուրջ 30 տարի մշակել ենք այս այգին, մեր աշխատանքով բարեկարգել այն, իսկ հիմա, երբ արդեն հնարավորություն պետք է ունենայինք այն սեփականաշնորհելու, չենք կարողանում, քանի որ, մեր համոզմամբ, կեղծ փաստաթղթերի միջոցով այն անցել է այլ անձի։ Այդ փաստաթղթերի իսկության վերաբերյալ լուրջ կասկածներ ունենք։ Այստեղ երբեք որևէ շինություն չի եղել, մինչդեռ փաստաթղթերում նշված է, որ շինություն է եղել։ Մենք տարիներ շարունակ մեր աշխատանքով խնամել ենք այս տարածքը, ծառեր տնկել, պահպանել ու բարեկարգել այն։ Հիմա էլ չենք ցանկանում կորցնել այն, ինչին մեր ընտանիքը նվիրել է տասնամյակների աշխատանք։ Դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին և իր լիազորությունների շրջանակում աջակցել, որպեսզի հարցը ստանա արդարացի և օրինական լուծում»,- ասաց Վարդան Մուրադյանը։

Ըստ Վարդան Մուրադյանի՝ իրենց համար այս այգին պարզապես հողատարածք չէ․ այն իրենց ընտանիքի տասնամյակների աշխատանքի, հոգատարության և ջանքերի արդյունքն է։ Հետևաբար, ընտանիքը ցանկանում է, որ այգու սեփականության հետ կապված բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրվեն, փաստաթղթերը ստուգվեն, և խնդիրը լուծվի օրենքի շրջանակում։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Վարդան Մուրադյանը հույս է հայտնում, որ Երևանի քաղաքապետարանը կանդրադառնա բարձրացված խնդրին, իսկ այգու սեփականության շուրջ երկարատև վեճը կստանա իրավական ու արդարացի հանգուցալուծում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր