211652_close_icon
views-count1945 դիտում article-date 15:31 28-08-2026

Ժողովրդի կողմից Առինջում մահաբեր անունն ստացած խաչմերուկում ՏԿԵ նախարարի, ՆԳ նախարարի աշխատանքի արդյունքում վերջապես տեղադրվեցին երթևեկությունը կարգավորող լուսակիրներ. վարորդներն ասում էին. «Հալալ է, ձեր տված խոստումը կատարեցիք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ, տեսանյութեր է հրապարակել Կոտայքի մարզի «Առինջ մոլ»-ի խաչմերուկում չկարգավորվող երթևեկության վերաբերյալ, ինչի հետևանքով այդ խաչմերուկում տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ մահվան ելքով։ Ու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ երթևեկության համար անհրաժեշտ լուսակիրներ չկային։

Բազմաթիվ անգամներ լուսակիրներ տեղադրելու նպատակով ՀՀ նախկին ու ներկա նախարարներ Վահե Ղազարյանին ու Արփինե Սարգսյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Կոտայքի նախկին մարզպետ, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ահարոն Սահակյանին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության նախկին պետ, ներկայումս ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Խուդինյանին և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին էին փոխանցել հազարավոր վարորդների և «Առինջ մոլ»-ի աշխատակիցների ու այցելուների խնդրանքը, որ այդ խաչմերուկում, որն արդեն տևական ժամանակ մարդկանց մոտ ասոցացվում էր մահվան խաչմերուկի հետ, տեղադրվեն երթևեկությունը կարգավորող լուսակիրներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 28-ին, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանօ, ՀՀ ՆԳ նախարար Ա. Սարգսյանի միջամտության շնորհիվ արդեն տեղադրվել են լուսակիրները, առաջիկայում էլ փորձնական կշահագործվեն, որից հետո արդեն երթևեկությունը կկարգավորվի լուսակիրներով։

Մինչ տեղադրումը ՀՀ ՆԳ նախարար Ա. Սարգսյանի հանձնարարականով մի քանի անգամ նշված խաչմերուկ են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ՀՀ նախկին Ճանապարհային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանը և Ճանապարհային ոստիկանության երթևեկությունը կարգավորող վարչության պետ Կոնստանտին Կոստանյանը, ու երկար քննարկումներից հետո էին սկսել լուսակիրների տեղադրման աշխատանքները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդները նշում էին, որ վերջապես սայլը տեղից շարժվեց ու հիմա կարող են անվտանգ երթևեկել քանի որ լուսակիրները տեղադրված են տեսանելի և հարմարավետ հատվածներում․ «Մնում է որոշ վարորդներ չանտեսեն դրանց առկայությունը ու հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՆԳ նախարար Ա․ Սարգսյանին, ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյանին, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին և մյուս պաշտոնյաներին, ովքեր ընդառաջեցին մեր նման հազարավոր քաղաքացիների խնդրանքին»։

Ինչպես ավելի վաղ՝ 2025թ․ դեկտեմբերի 11-ին հայտնել էր SHAMSHYAN.com,ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի մոտ հրատապ խորհրդակցություն էր անցկացվել, որին ներկա էին եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պատասխանատու այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, որտեղ Դ. Խուդաթյանը խիստ հանձնարարականներ էր տվել ու պահանջել, որպեսզի կարճ ժամանակում դրական լուծում ստանար Կոտայքի մարզի «Առինջ մոլ»-ում և Նոր Գեղիի խաչմերուկում լուսակիրների տեղադրման հարցը: 
 
Տեղում ճշտվել էր, որ այդ խնդրի մասին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մի քանի միջնորություններ էր ներկայացրել ու պատկան մարմիններից պահանջել էր, որպեսզի հարցը լուծվեր ի շահ վարորդների ու հետիոտների: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանի և Դ. Խուդաթյանի միջամտության շնորհիվ վերջապես սայլը տեղից շարժվել էր:
 
Արդեն կային մրցույթները շահած կազմակերպություններ, որոնք ձեռնամուխ էին եղել նշված հատվածներում ոչ միայն լուսակիրների տեղադրման, այլև ամբողջ տարածքը ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններով կահավորելու համար: 
 
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր