211652_close_icon
views-count748 դիտում article-date 21:30 23-09-2026

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։

Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՄԱՆ-ից:

Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մուխտար Տլեուբերդիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել գործունեության մեջ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կապակցվածության զարգացմանը և Արևելք-Արևմուտք նոր տրանսպորտային երթուղիների զարգացման կոնկրետ ծրագրերի: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման և բազմամոդալ փոխադրումների ընդլայնման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրի խթանման շուրջ:

Գոհունակությամբ ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի շփումների ակտիվ դինամիկան՝ միտված գործընկերության հստակ արդյունքների ապահովմանը:

Անդրադարձ է կատարվել Երևանում հոկտեմբերին կայանալիք COP17-ի շրջանակներում փոխգործակցությանը:

 

Նմանատիպ նյութեր