211652_close_icon
views-count616 դիտում article-date 14:57 22-09-2026

Խնդրանք՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին. Արաքս խոշորացված համայնքի Հայկաշեն բնակավայրում ծնողները տարիներ շարունակ երեխաներին դպրոց են տանում ահը սրտներում․ թվում է՝ փտած և դարն ապրած փայտե էլեկտրասյուները կտապալվեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին մեկ տարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, նրա աշխատակազմի ու ՀԷՑ-ի ենթակայության տակ գտնվող մասնաճյուղերի աշխատակիցները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել ու շարունակում իրականացնել, գաղտնիք չէ և անզեն աչքով էլ երևում է։

Միայն վերջին 1 տարվա ընթացքում Ռ․ Պետրոսյանի հանձնարարականով թե՛ Երևանում, թե՛ մարզերում ապամոնտաժվել ու հեռացվել են հազարավոր փտած, դարն ապրած փայտե էլեկտրասյուներ, որոնք փոխարինվել են նոր բետոնե էլեկտրասյուներով, փոխվել են մեծ քանակի էլեկտրալարեր, ինչի արդյունքում այդ վայրերում այլևս վերացել է փտած էլեկտրասյուների տապալման վտանգը, իսկ քամիների հետևանքով էլ այլևս հոսանքի անջատումներ տեղի չեն ունենում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրերս Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Հայկաշեն բնակավայրի 100-ից ավելի ծնողներ արդարացիորեն բարձրաձայնել և խնդրանքով դիմել են ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանին, որպեսզի իրենց գյուղում նույնպես աշխատանքներ իրականացնեն, փտած ու դարն ապրած, ամեն պահի տապալման եզրին կանգնած փայտե թվով 5 էլեկտրասյուները փոխարինեն նորով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Վերջին ժամանակներս շատ հաճախ նկատել ենք, որ ՀԷՑ-ն ահագին գյուղերում փտած էլեկտրասյուները փոխարինել է նորով։ Հիմա ուզում ենք դիմել Ռ. Պետրոսյանին, որպեսզի մեր գյուղում ևս այդ վտանգավոր 5 սյուներն ապամոնտաժվեն և փոխարինվեն նոր բետոնե անվտանգ էլեկտրասյուներով, ու հետո փոխեն 40 տարուց ավելի օգտագործվող, արդեն մաշված, որոշ հատվածներում էլ կցոնված էլեկտրալարերը։

Այդ էլեկտրասյուները գտնվում են ոչ միայն գյուղի, այլ նաև ստրատեգիական ճանապարհի հատվածում։ Նաև այդ վտանգավոր սյուների տակով ենք երեխաներին տանում դպրոց։ Նույնիսկ եղել են պահեր, որ դպրոց տանելու ժամանակ ուժեղ քամի է եղել ու տպավորություն է ստեղծվել, որ էլեկտրասյուներն ընկնելու են մեր վրա, լարերն էլ քամու պատճառով կպնում էին իրար ու կայծեր առաջացնում, իսկ հետո էլ ժամերով գյուղը հոսանքազրկվում էր։

Հավատում ենք, որ մեր խնդրանքն անպատասխան չի մնա և ՀԷՑ-ի աշխատակազմը այդ վտանգավոր էլեկտրասյուներից գյուղը կփրկի»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր