211652_close_icon
views-count670 դիտում article-date 11:39 01-09-2026

Երևանում ուժեղ քամու հետևանքով Կորեայի ձորում փտած, դարն ապրած փայտե էլեկտրասյուները տապալվել և փակել են ճանապարհը. օպերատիվ են գործել «ՀԷՑ»-ն ու «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ն․ Արաբկիրի թաղապետարանից էլ ոչ մի «ծպտուն»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին մեկ տարվա ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և նրա աշխատակազմի շնորհիվ թե՛ Երևանում, թե՛ մարզերում ապամոնտաժվել են սովետական տարիներից տեղադրված ու դարն ապրած, փտած հազարից ավելի փայտե ու քայքայված բետոնե էլեկտրասյուներ, փոխվել են, ինչպես ժողովուրդն է դեպքի վայրերում միշտ հայտնում, իրար կցոնված էլեկտրալարերը։

Կան բնակավայրեր, որտեղ այս սյուները բնակիչների համար միշտ համարվել են վտանգավոր, քանի որ եղել են դեպքեր, երբ ուժեղ քամու ժամանակ այդ վայ էլեկտրասյուները կամ տապալվել են, կամ էլ կոտրվել են, սակայն լարերն են պահել, որ չեն ընկել։ Եղել են անգամ դեպքեր, երբ կցոնված էլեկտրալարերն են դարձել հրդեհների պատճառ։ Ու բնակիչները 30 տարուց ավելի թե՛ բանավոր, թե՛ գրավոր դիմել են Հայաստանի էլեկտրական ցանցեր, որտեղից միայն ժամանել են, տեսել իրավիճակը ու այդքանով համարելով իրենց գործն ավարտած՝ գնացել են։ Որոշ դեպքերում էլ խոստացել են, թե խնդիրը կլուծեն, բայց դա դատարկ օդ է դուրս եկել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 30-ին ուժեղ քամու հետևանքով Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին ավելի հայտնի Կորեայի ձորի շրջանցիկ թունելի փողոցներից մեկում ամբողջությամբ փտած փայտե էլեկտրասյուները տապալվել են։ Երջանիկ պատահականությամբ տուժածներ չկան։ Բայց վնասվել էր նաև թաղամասը սնուցող գազախողովակը, այդ դեպքում էլ բարեբախտաբար գազի արտահոսք չէր եղել։

Բնակիչները ահազանգել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն և օպերատիվորեն ժամանած ՀԷՑ-ի Արաբկիրի մասնաճյուղի աշխատակիցները 1 ամբողջ օր դժվարանցանելի այդ հատվածում իրականացրել են աշխատանքներ՝ փայտե սյուների հիմքերը փոխելով բետոնե սյուներով։ Իսկ «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի Արաբկիրի մասնաճյուղի աշխատակիցները ուղղել են գազախողովակը և այն նորից տեղադրել երկաթե հենասյուների վրա։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին.

«30 տարուց ավելի է՝ էս ճանապարհով անցնելիս էդ փտած էլեկտրասյուները տեսնելով միշտ մտածել ենք, որ մի օր պառկելու է ու փորձանքի ենք հանդիպելու։ 30 տարուց ավելի է բազմաթիվ անգամներ թե՛ գրավոր, թե՛ բանավոր տեղեկացրել ենք ՀԷՑ-ին ու մեր տեսուչին, բայց ստացել ենք մենակ դատարկ խոստումներ։ Ամսի 30-ին որ քամին եղավ, այս անգամ ուժեղ էր երևի, 3 սյուները տապալվեցին, լարերը պոկվեցին, գազախողովակի հենասյուների վրայից էլեկտրասյան տապալման հետևանքով խողովակը պոկվեց։ Անմիջապես զանգահարեցինք ՀԷՑ ու «Գազպրոմ Արմենիա», ու արդեն ժամերի ընթացքում ՀԷՑ-ի ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները ժամանեցին, մի քանի ժամ շարունակ հսկայական աշխատանքներ կատարեցին։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ին, ովքեր իրոք իրենց խոսքը դարձրեցին գործ, այն դեպքում, երբ այս ամենը կարելի էր անել այդ 30 տարվա ընթացքում, բայց ամեն անգամ գլխներիս տակ փափուկ բարձ էին դնում։

Վատ է նաև, որ երեկվա դեպքից հետո Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ոչ ոք չհետաքրքրվեց, թե ինչ անենք, որ էս մարդկանց հոսանքը վերականգնվի։ Ճիշտ է, հո իրենք չէին անողը, բայց որպես համայնքի ղեկավար, լավ կլիներ որ թաղապետարանից ինչ-որ մեկը գոնե այցելու ու հետաքրքրվում մեր խնդրով։ Բայց ոչ էլ եկան»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր