211652_close_icon
views-count2453 դիտում article-date 20:53 29-08-2026

Մինչև Տիգրան Ավինյանը չխառնվեց, երկար ու ձիգ տարիներ բազմահարկ շենքում տիրող գարշահոտ ու առնետներով հարուստ աղբի բուրգը չհեռացվեց. որոշ վարչական շրջանների ու համատիրությունների ղեկավարներ պետք է «ականջներին օղ անեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը օգոստոսի 25-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան փողոցի բազմաբնակարանային շենքում տիրող հակասանիտարական ու գարշահոտ վիճակի մասին, երբ բնակչի կողմից 7-ից 8-րդ հարկերի աստիճանավանդակները վերածվել էին մինի աղբանոցի, ինչի պատճառով էլ տարածքում առնետներ էին հայտնվել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի գլխավորությամբ վերջապես հնարավոր եղավ տարածքն ազատագրել տարատեսակ աղբից, մինչդեռ այս խնդիրը չպետք է հասներ Երևանի քաղաքապետին, այլ պետք է առաջին հերթին դրանով զբաղվեր համատիրությունը, իսկ հետո՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը։

Սա պետք է դաս լինի վարչական շրջանների ղեկավարներին ու համատիրությունների պաշտոնյաներին, որ նման իրավիճակների դեպքում իրենք պետք է շատ արագ խնդիրը լուծեն, անգամ այն բնակիչը, ով կփորձի ընդվզել և թույլ չտալ, որպեսզի տարածքը մաքրվի գարշանքից, ապա այդ բնակիչը պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի։ Ու հիմա եթե այս շենքում քաղաքապետ Տ. Ավինյանի շնորհիվ պատասխանատուները գործի անցան, դրանից բացի պետք է այդ բնակչին նաև նախազգուշացնել, որ նման բան կրկնելու դեպքում ինքը կենթարկվի խոշոր չափի տուգանքի։

Շենքի մի քանի բնակիչներ, տեսնելով, որ վերջապես մաքրվեց այդ «խոզանոցը», իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանին՝ ասելով. «Մենք գիտենք, որ սրանով չպետք է քաղաքապետը զբաղվեր։ Բայց ինչ արած, տարիներ շարունակ թաղապետարանն ու համատիրությունը ջայլամի կեցվածք էին ընդունել, դրա համար էլ ստիպված դիմեցինք քաղաքապետին, թեև հույս չունեինք, որ խնդիրը կլուծվի։ Բայց օրերի ընթացքում տեսանք դրականը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շատ հաճախ քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ հորդորում է վարչական շրջանների ղեկավարներին, որ նրանք պետք է ցուցաբերեն հետևողականություն և պայքարեն, որպեսզի բնակիչների համար ոչ մի անհարմարություններ չստեղծվեն և որ վարչական շրջանների ղեկավարները պետք է իրենց կողմից տրված այդ հանձնարարականների կատարումը դնեն նաև համատիրությունների վրա։

Կարծես թե Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախորդ և ներկա ղեկավարների համար քաղաքապետ Տ․ Ավինյանի ասածը արժեք չուներ ու պատճառը Առնո Բաբաջանյան փողոցի 129 շենքի 2-րդ մուտքի 8-րդ հարկից դեպի 7-րդ հարկ տանող հատվածում տարատեսակ աղբի ու կենցաղային իրերի առկայությունն էր, որը կարծես թե կամաց-կամաց վերածվում էր աղբի բուրգի։ 

Աստիճանավանդակում կուտակված էին կոտրված սեղաններ, աթոռներ, փայտի կտորներ, արկղեր, կահույքի և պարկերով հացի մնացորդներ, իսկ այդ հացի մնացորդների հետևանքով նաև արդեն  հարկերում հանդիպում էին առնետներ։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել ասել էին․ «Խնդիրը ոչ միայն շենքի ընդհանուր տեսքն է վատացնում, այլև կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել, քանի որ ընդհանուր օգտագործման տարածքը փաստացի դարձել է կուտակված իրերի պահեստ։ Մենք պահանջում ենք, որպեսզի խնդրով զբաղվեն պատկան մարմինները՝ Երևանի քաղաքապետարանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և շենքը սպասարկող համատիրությունը։ Ձեռնարկեն համապատասխան միջոցներ և պարտավորեցնեն տարածքը զբաղեցրած բնակչին հեռացնել կուտակված իրերը»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ խնդիրը օր առաջ պետք է լուծվեր, տարածքը մաքրվեր տարատեսակ  կենցաղային աղբից, բացվեր բնակիչների համար ընդհանուր օգտագործման աստիճանավանդակը և ապահովվեր շենքում անվտանգ տեղաշարժը։ 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր