211652_close_icon
views-count487 դիտում article-date 22:00 02-07-2026

Գերմանիան Ուկրաինայի պետական կառույցներին մեղադրել է «Հյուսիսային հոսքերի» պայթյունը կազմակերպելու մեջ

Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարների պայթյունը կազմակերպվել է Ուկրաինայի պետական կառույցների հանձնարարությամբ, հայտնում է Reuters-ը:

Այս մեղադրանքը կարող է սրել հարաբերությունները Բեռլինի և Կիևի միջև, որը գերմանական ռազմական օգնության ամենախոշոր ստացողն է։

Գործի կենտրոնում կասկածյալն է, որը ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսին Իտալիայում և նոյեմբերին արտահանձնվել Գերմանիային։ Քննության նյութերում նա հանդես է գալիս որպես Սերգեյ Կուզնեցով: Այս շաբաթ նրան մեղադրանք է առաջադրվել։

Գերմանիայի դաշնային դատախազությունը հայտարարել է, որ Կուզնեցովը, լինելով ուկրաինական բանակի սպա, այլ զինվորականների հետ միասին մասնակցել է «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթեցման գործողության նախապատրաստմանը՝ «Ուկրաինայի պետական մարմինների հրամանով»՝ 2022 թվականի փետրվարին ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո։

Դատախազությունը այդ գործողությունները որակել է որպես ռազմական հանցագործություններ՝ կապված քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման, ինչպես նաև պայթյունի կազմակերպման և հանրային ծառայությունների աշխատանքի խաթարման հետ։

Քննության տվյալներով՝ խումբը կազմված է եղել պրոֆեսիոնալ սուզորդներից, նավապետից և պայթուցիկ նյութերի մասնագետից։ Պնդվում է, որ մասնակիցներն օգտագործել են կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև Բալթիկ ծով դուրս գալու համար Գերմանիայում զբոսանավ են վարձակալել։

Պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին դանիական Բորնհոլմ կղզու մոտակայքում և հանգեցրել են խողովակաշարի երկու ճյուղերի լուրջ վնասմանը, ինչպես նաև մթնոլորտ մեթանի զգալի արտանետումների։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեռևս չի ստացել մեղադրանքի ամբողջական տվյալները, և ընդգծել է, որ պաշտոնական տեղեկատվության ստացումից առաջ իրավիճակին գնահատական տալը վաղաժամ է։

Ռուսական կողմը նախկինում արևմուտքին և Ուկրաինային էր մեղադրում դիվերսիային առնչություն ունենալու մեջ, սակայն Կիևը հերքում էր նմանատիպ ցանկացած պնդում։ Միաժամանակ, արևմտյան մեդիայում և փորձագետների շրջանում առաջ էին քաշվում կատարվածի տարբեր վարկածներ։

Գործը կքննվի Համբուրգի դատարանում, ենթադրաբար՝ աշնանը։ Ռազմական հանցագործությունների հոդվածով մեղադրանքը նախատեսում է ազատազրկման նվազագույն ժամկետներ։

Ակնկալվում է, որ թեման քաղաքական քննարկումների առարկա կդառնա Գերմանիայում, հատկապես՝ առաջիկա ընտրությունների և Ուկրաինային ռազմական աջակցության շուրջ շարունակվող բանավեճերի ֆոնին։

Նմանատիպ նյութեր