211652_close_icon
views-count7618 դիտում article-date 15:22 26-05-2026

Վիճաբանություն և կրակոցներ՝ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի գերեզմաններում. կա 3 զոհ, 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, վիճաբանություն, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկներին հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրի գերեզմանոցներ, որտեղ հայտնաբերել են 3 դի և վիրավոր քաղաքացու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Երվանդ Նիկոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Վիճաբանություն, դանակահարություն և սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև։ Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել մի կնոջ, ինչից հետո դանակահարվածի տղան իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել և 3 հոգի տեղում մահացել են։ Կրակոցներ արձակողը Նորապատ գյուղից է, ով զենքով ինքնակամ գնացել և ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին»։

Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալներ Արտակ Ղազարյանի, Բաբկեն Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածների, դանակահարվածի և կատարողի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր