211652_close_icon
views-count280 դիտում article-date 14:30 10-04-2026

ՄԻՊ ներկայացուցիչները Մերձավանի դպրոցում արձանագրել են անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները  ապրիլի 8-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոց:

 Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:

 Դպրոցի տնօրինության հետ քննարկվել են շենքային պայմանների բարելավման, սովորողների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի լիարժեք ու անխոչընդոտ իրացման, մանկավարժական անձնակազմի, տնօրինության և սովորողների միջև առկա խնդիրներին վերաբերող և այլ հարցեր:

 Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացներին, առանձնազրույցներ են ունեցել սովորողների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության իրավունքի արդյունավետ իրացման հետ կապված խնդիրներին։

 Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծում։

Մասնավորապես՝

 Դպրոցին ամրակցված շենքը վատթար վիճակում է, սանհանգույցները՝ հին, առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ կապված խնդիրներ: Ընդհանուր առմամբ, Դպրոցի շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են, իսկ ֆիզիկական միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չէ: Առկա է խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

Դպրոցն ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն և այլն։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դրանց հետագա լուծման տեսլականը։

Այցի ընթացքում Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Նմանատիպ նյութեր