211652_close_icon
views-count370 դիտում article-date 20:06 02-04-2026

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրության բացմանը։

Պատմական արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ Կառավարության որոշմամբ, ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար Մշակույթի զարգացման հիմնադրամին պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ։

Բացառիկ արժեք ներկայացնող միջնադարյան քրիստոնեական արվեստի այս կոթողը փորագրված է արևելյան ընկուզենու փայտից և վերագրվում է Բագրատունյաց շրջանի՝ 1188 թվականի փայտագրության ավանդույթին։ Ցուցանմուշի պատկերագրությունը միավորում է աստվածաշնչյան և արքունական թեմաները։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Դանիելը՝ առյուծների մեջ, իսկ ստորին հատվածներում ներկայացված են տարբեր գազանամարտերի տեսարաններ, որոնք համեմատելի են Դանիելի տեսիլքի խորհրդաբանության հետ (Դան. 7:1–7, 7:23–27)։ Հորինվածքի կենտրոնական մասը ընդգծում է խաչի «թևավոր» տիպը՝ ծաղկային ծիլերով և պտղաբեր խորհրդով, որը համապատասխանում է հայկական եկեղեցական արվեստում կյանքի ծառի գաղափարին։ Արվեստագիտական և փորձագիտական համայնքը հաստատում է ցուցանմուշի բացառիկ արժեքն ու նշանակությունը հայկական միջնադարյան մշակույթի ուսումնասիրության համար։

Ցուցադրությունն ապրիլի 3–ից հասանելի կլինի այցելուներին Հայաստանի պատմության թանգարանում։

Նմանատիպ նյութեր