211652_close_icon
views-count418 դիտում article-date 11:56 02-04-2026

Երևանի հրշեջ-փրկարարները հաղթող են ճանաչվել «Լավագույն հավաքական օղակ» մրցույթում

Առաջին անգամ անցկացված «Լավագույն հավաքական օղակ» մրցաշարը համախմբել էր Փրկարար ծառայության մայրաքաղաքի և մարզային ստորաբաժանումներից հավաքական թիմերին․ նրանք մրցում էին լավագույնի կոչմանն արժանանալու համար։
 
«Նման մրցաշարեր նախկինում կազմակերպվել են, բայց այս մասշտաբով, որ Երևան քաղաքի և բոլոր մարզային ստորաբաժանումներից ընդգրկված լինեն, առաջին անգամ է»,-ասում է ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը։
 
Մասնակցում էին 12 թիմեր, ինչպես նաև Փրկարար ծառայության Հայկական ատոմային էլեկտրակայանի պահպանության հրշեջ-փրկարարական թիմը։
 
Մրցաշարին հետևում էր նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգչական կազմը։
 
Մրցաշարն անցկացվել է չորս փուլով՝ հրդեհաշիջում, հակածխային օղակների գործողություն, առաջին օգնություն և տուժածների տարհանում։
Առողջ մրցակցային պայմաններում կարևոր է ոչ միայն հաղթելու, այլ նաև սեփական գիտելիքները կատարելագործելու ցանկությունը։
Մրցավարական թիմը մրցույթի ընթացքում հաշվի է առել յուրաքանչյուր մանրուք․ եթե մրցման ընթացքում սխալվելը միայն միավորի կորուստ է, ապա իրական կյանքում սխալվելու գինը կարող է մարդկային կյանք արժենալ։
 
Մրցաշարի ավարտին Փրկարար ծառայության տնօրենը, շնորհավորելով մասնակիցներին, լավագույնը ճանաչված թիմերին հանձնել է գավաթներ։ «Լավագույն հավաքական օղակ» մրցաշարի անդրանիկ գավաթը նվաճեց մայրաքաղաքի թիմը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին Արմավիրի և Կոտայքի մարզային ստորաբաժանումների թիմերը։
 
Մրցաշարը շարունակական է լինելու։

Նմանատիպ նյութեր