211652_close_icon
views-count2959 դիտում article-date 22:30 31-03-2026

Տնօրենը դաստիարակներին նվաստացրել է, ճնշել․ ինչ է կատարվում 94 մանկապարտեզում. Oragir.News

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 94 մսուր-մանկապարտեզում լարված իրավիճակ է։ Ծնողները պահանջում են տնօրենի՝ Փառանձեմ Մեհրաբյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով անձնակազմի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի և առողջ աշխատանքային մթնոլորտը խաթարելու մեջ։

«Մենք պահանջում ենք, որ տնօրենին հեռացնեն, որովհետև նա շատ վատ է վերաբերվում անձնակազմին, և դրա հետևանքով մարդիկ հեռանում են աշխատանքից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ծնողներից մեկը՝ Անահիտը։

Նրա փոխանցմամբ՝ խնդիրը նոր չէ և շարունակական բնույթ ունի։ Վերջին մեկ տարվա ընթացքում մանկապարտեզից հեռացել են մի շարք աշխատակիցներ՝ այդ թվում փորձառու դաստիարակներ և դայակներ։ Ծնողի խոսքով՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում իր երեխայի խմբից հեռացել են և՛ դաստիարակը, և՛ դայակը։

Անահիտը նշում է, որ այդ փոփոխությունները լուրջ անհանգստություն են առաջացրել ծնողների շրջանում, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը փոքր տարիքի երեխաների մասին է.

«Իմ երեխան դեռ չի խոսում, և մեզ համար շատ կարևոր է, թե ով է աշխատում նրա հետ։ Երբ մեկ ամսվա ընթացքում երկու հիմնական աշխատակից հեռանում է, դա չի կարող չանհանգստացնել»։

Ծնողի խոսքով՝ հեռացած մասնագետների աշխատանքից ծնողները գոհ են եղել.

«Մեր դաստիարակը շատ լավն էր, շատ բարի, մաքուր, և մենք չէինք հասկանում՝ ինչու է հեռանում։ Հետո սկսեցինք հետաքրքրվել և տարբեր աղբյուրներից պարզեցինք, որ ներսում շատ լարված ու վատ մթնոլորտ է»։

Նա ընդգծեց, որ դժգոհությունը միայն իրենց խմբով չի սահմանափակվում․

«Մյուս խմբերի ծնողներն էլ են դժգոհ։ Բոլորը նշում են, որ դաստիարակները լավն են, հետևաբար խնդիրը ներսում է՝ կառավարման մակարդակում»։

Oragir.News-ի հետ զրուցած ծնողները մատնանշեցին նաև, որ ստեղծված լարված իրավիճակն ազդում է երեխաների վրա։ Այս պատճառով հնարավոր է՝ երեխաներին չուղարկեն այդ մանկապարտեզ, մինչև իրավիճակը հանդարտվի։

Oragir.News-ը զրուցել է նաև մանկապարտեզից հեռացած դաստիարակների հետ, որոնք, հնարավոր հետևանքներից խուսափելու համար, նախընտրել են հանդես գալ անանուն։

Նրանցից մեկը նշեց, որ աշխատանքային պայմանները դարձել էին անհանդուրժելի․

«Աշխատողների նկատմամբ վերաբերմունքը շատ վատ էր, լինում էին անձնական վիրավորանքներ, աշխատանքը չէր գնահատվում, և անընդհատ ճնշում կար»։

Նա նաև ընդգծեց, որ երկար տարիներ աշխատել է նույն հաստատությունում և նման իրավիճակ նախկինում չի եղել․

«Ես 10 տարի աշխատել եմ այդ մանկապարտեզում, տարբեր տնօրենների հետ ենք աշխատել, բայց նման մթնոլորտ երբեք չի եղել»։

Մեկ այլ նախկին աշխատակից ևս հաստատեց, որ խնդիրը կապված է տնօրենի վարքագծի հետ․

«Տնօրենը աշխատողների հետ վարվում էր այնպես, ինչպես իրեն էր հարմար։ Ես փորձեցի դիմանալ, բայց հասկացա, որ այլևս չեմ կարող և դիմում գրեցի, դուրս եկա»։

Նրա խոսքով՝ տնօրենը նույնիսկ չի փորձել կարգավորել իրավիճակը.

«Որևէ փորձ չեղավ հասկանալու կամ շտկելու իրավիճակը։ Պարզապես անմիջապես ընդունեցին իմ դիմումը, և վերջ»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել թիվ 94 մսուր-մանկապարտեզի տնօրենի՝ Փառանձեմ Միրաբյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր