211652_close_icon
views-count334 դիտում article-date 18:38 30-03-2026

Ինչ է փոխվել նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգում. ներկայացնում է ՊԵԿ–ը

Պետական եկամուտնբերի կոմիտեն հիշեցնում է, որ թվային դրոշմավորման համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք միտված են համակարգի պարզեցմանն ու լավարկմանը, վերահսկողության բարձրացմանը և ապրանքների լիարժեք հետագծելիության ապահովմանը։ Նոր կարգավորումները վերաբերում են դրոշմավորման ծածկագրի արժեքի նվազեցմանը, առանձին հայաֆիկացման պիտակների փոխարեն՝ թվային դրոշմավորման համակարգում ներմուծվող ապրանքների հայերեն տեղեկատվության ներառմանը, հաշվարկային փաստաթղթերում հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների և ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ներառմանը։ Ի՞նչ է փոխվել գործնականում և ինչպե՞ս պետք է կազմակերպել մի շարք գործընթացներ․ եկեք հարցուպատասխանի միջոցով պատասխանենք տնտեսվարողներից առավել հաճախ հնչող թե՛ մեթոդական, թե՛ տեխնիկական հարցերին։

1․ Ո՞ր ապրանքախմբերի համար է պարտադիր հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը ներառելու պահանջը

2026 թվականի հունվարի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթում (հարկային հաշվում, ճշգրտող հարկային հաշվում, հաշիվ վավերագրում, ճշգրտող հաշիվ վավերագրում) պարտադիր է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։ Պահանջը վերաբերում է դրոշմավորման ենթակա հետևյալ ԱՏԳ ԱԱ դասակարգչի ծածկագրերին պատկանող ապրանքներին․ ծխախոտային արտադրանք՝ 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000, ալկոհոլային ապրանքներ՝ 2204, 2205, 2206 00, 2207, 2208։ Կարևոր է իմանալ, որ պահանջը վերաբերում է այն ապրանքներին, որոնք դրոշմավորված են հսկիչ (նույնականացման) նշաններով, այլ ոչ թե ակցիզային դրոշմանիշերով։
2․ Ծխախոտից և ալկոհոլից բացի, արդյո՞ք այլ ապրանքների մատակարարման դեպքում ևս պարտադիր է հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը ներառել հաշվարկային փաստաթղթում

Ոչ, ծխախոտից և ալկոհոլից բացի այլ ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի մասին տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելը պարտադիր չէ, սակայն տնտեսվարողները, իրենց ցանկությամբ, այդ տեղեկությունը կարող են ներառել փաստաթղթում։
3․ Արտադրող, բայց ներմուծող չհանդիսացող կազմակերպության կողմից ալկոհոլի և ծխախոտի մատակարարման դեպքում արդյո՞ք պարտադիր է հաշվարկային փաստաթղթում ներառել հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը

Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում պետք է ներառեն բոլոր այն հարկ վճարողները, որոնք ապրանքի մատակարարումն իրականացնում են հաշվարկային փաստաթղթերով (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր)՝ անկախ նրանից հանդիսանում են արտադրող, թե ներմուծող կազմակերպություն։
4․ Ե՞րբ և ինչպե՞ս է հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը ներառվում հաշվարկային փաստաթղթում

Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում տնտեսվարողները կարող են ներառել երկու տարբերակով․

հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ժամանակ՝ հարկային մարմնի Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով (e-Invoicing)՝ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունն CSV ֆայլով ներբեռնման միջոցով,
կամ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի е-Mark invoice հավելվածով՝ հսկիչ (նույնականացման) նշանները սքանավորելու և հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով, բայց ոչ ուշ, քան հաշվարկային փաստաթուղթն ստացողի կողմից ստորագրվելը
5․ Էլեկտրոնային հաշվարկային ո՞ր փաստաթղթերում պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը

Ապրանքների հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունները պարտադիր է ներառել հետևյալ փաստաթղթերում՝ ապրանքների մատակարարման հարկային հաշվում (այդ թվում՝ ճշգրտող), ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշվում (այդ թվում՝ ճշգրտող), ինչպես նաև ապրանքների մատակարարման հաշիվ վավերագրում (այդ թվում՝ ճշգրտող)։

6․ Արդյո՞ք բեռնագրում պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունը

Ոչ, հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունն անհրաժեշտ է ներառել միայն հարկային հաշվում, հաշիվ վավերագրում և դրանց ճշգրտող տարբերակներում։

7․ Արդյո՞ք ճշգրտող հաշվում ևս պետք է ներառել հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը

Այո, հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունն անհրաժեշտ է ներառել ինչպես հարկային հաշվում և հաշիվ վավերագրում, այնպես էլ դրանց ճշգրտող տարբերակներում։ Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ եթե նախկինում հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել առանց հսկիչ (նույնականացման) նշանների ներառման, ապա ճշգրտող հաշվարկային փաստաթղթում հնարավոր չի լինի այն ներառել։

8․ Արդյո՞ք տարբեր ապրանքախմբերի հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունները հնարավոր է ներառել նույն հաշվում

Այո, նույն հաշվում հնարավոր է ներառել տարբեր ապրանքախմբերի հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունները։

9․Առավելագույնը որքա՞ն ծածկագիր կարելի է ներառել մեկ հաշվարկային փաստաթղթում
Համակարգը մեկ հաշվարկային փաստաթղթում թույլ է տալիս ներառել մինչև 3000 ծածկագիր։

10․ Եթե մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքը վաճառում է մաս-մաս, ապա ինչպե՞ս պետք է այդ ապրանքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցի հարկային մարմնին

Եթե մանրածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքը վաճառում է մաս-մաս (օրինակ՝ կիլոգրամներով), ապա տնտեսվարողը պետք է մինչև ապրանքի վաճառքը E-mark receipt հավելվածի միջոցով սկանավորի տուփի վրա փակցված նույնականացման ծածկագիրը և այն դուրս բերի շրջանառությունից, որից հետո ապրանքը կարող է վաճառվել մաս-մաս (օրինակ՝ կիլոգրամներով)։

11․ Հանրային սննդի ոլորտի կազմակերպությունն ինչպե՞ս պետք է շրջանառությունից հանի հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքները

Հանրային սննդի, հյուրանոցային (այդ թվում՝ սենյակի մինի բարում գտնվող ապրանքների մասով) կամ ռեստորանային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքները շրջանառությունից հանում են E-mark receipt հավելվածի միջոցով։

12․ Եթե կազմակերպությունը ներքին սպառման համար հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքներ, արդյո՞ք պարտավոր է դրանք հանել շրջանառությունից

Այո, եթե կազմակերպությունը հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերել հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքներ, որոնք օգտագործելու է իր ներքին սպառման համար, ապա այդ ապրանքների ծածկագրերը պարտավոր է հանել շրջանառությունից։ Դա կարելի է իրականացնել երկու տարբերակով՝

E-mark receipt հավելվածով սկանավորել ծածկագիրը և դուրս բերել շրջանառությունից,
եթե հաշվարկային փաստաթղթում կցված են հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունները, ապա մինչև հաշվարկային փաստաթուղթ ստորագրելը (վավերացնելը) ստացող կողմը կարող է կատարել «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշում և ստորագրելուց հետո հաշվարկային փաստաթղթում ներառված ապրանքների դրոշմավորման ծածկագրերը ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։
11․ Եթե հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքը վերջնական սպառման համար է, արդյո՞ք ստացողը պետք է հանի այն շրջանառությունից տեղեկատվական հավելվածի միջոցով

Եթե հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքն ստացողի կողմից ենթակա է վերջնական սպառման, հաշվարկային փաստաթղթին կցված են հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկությունները և ստացողի կողմից հաշվարկային փաստաթուղթը ստորագրելիս կատարվել է «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշումը, ապա ծածկագիրն ավտոմատ եղանակով դուրս է գալիս շրջանառությունից, ստացողը համարվում է վերջնական սպառող և որևէ գործողություն կատարելու կարիք չկա։

12․ Ինչպե՞ս Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ավելացնել օգտատեր

Հաշվարկային փաստաթղթերում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն Ազգային օպերատորի բջջային հավելվածի միջոցով ներառելու նպատակով Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում անհրաժեշտ է լիազորի գրասենյակում ավելացնել նոր օգտատեր համապատասխան դերով՝ «Առաքիչ» և «Պահեստապետ»։ «Առաքիչ» դերն ունեցող աշխատակիցը կարող է իրականացնել՝ սևագիր հաշվարկային փաստաթղթի ստեղծում՝ այդ թվում ճշգրտող, ծածկագրերի ներառում փաստաթղթում, դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ծածկագրերի ավելացում և նոր ծածկագրերով փոխարինում։ «Պահեստապետ» դերն ունեցող աշխատակիցը կարող է իրականացնել՝ ստացված հաշվարկային փաստաթղթերում ներառված ծածկագրերի ստուգում, ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար նշման իրականացում և ստորագրում։

13․ Արդյո՞ք մեկ օգտատեր նույն սարքից կարող է մուտք գործել E-Mark Invoice հավելվածում մի քանի օգտահաշիվներով

Այո, մեկ սարքի միջոցով E-Mark Invoice հավելվածում հնարավոր է մուտք գործել մի քանի օգտահաշիվներով։

14․ Կարող է արդյո՞ք առաքիչը e-Mark Invoice հավելվածով դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ

Ոչ, առաքիչը e-Mark Invoice հավելվածի միջոցով միայն կարող է ստեղծել հաշվարկային փաստաթղթի սևագիր տարբերակ և ավելացնել և (կամ) փոխարինել ծածկագրեր՝ արդեն իսկ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում։

15․Ի՞նչ կարգավիճակով ծածկագրեր առաքիչը կարող է ներառել հաշվարկային փաստաթղթում

Հաշվարկային փաստաթղթում առաքիչը կարող է ներառել «Շրջանառության մեջ դրված», «Շրջանառության մեջ դրված՝ վերադարձված» և «Ագրեգացված» կարգավիճակներով ծածկագրեր, իսկ սխալ կարգավիճակով ծածկագիր կցելու դեպքում՝ համակարգը կցուցադրի նախազգուշացնող հաղորդագրություն։

16․ Կարող է արդյո՞ք առաքիչը փոփոխություններ կատարել, եթե մատակարարը հաշիվ է դուրս գրել

Այո, առաքիչը կարող է աշխատել հաշվարկային փաստաթղթի հետ, մասնավորապես, դուրս գրված հաշվարկային փաստաթղթում ավելացնել և խմբագրել ծածկագիր (եթե խմբագրվող ապրանքի GTIN-ը նույնն է), եթե չի կատարվել սեփականատիրոջ փոփոխություն, իսկ ծածկագրի սեփականության իրավունքի փոփոխություն տեղի չի ունենում, քանի դեռ.

դիմացի կողմը չի հաստատել հաշիվը,
չի լրացել սեփականության իրավունքի փոփոխման ինքնաշխատ ժամկետը,
պահեստապետը չի իրականացրել ստուգում։
17․ Ինչպե՞ս է հաշվարկային փաստաթղթում ներառված ծածկագրերի փոփոխման իրավասությունն անցնում ապրանքը ստացողին

Հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ անցնում է դրոշմավորված ապրանքներն ստացողին՝ ապրանքների մատակարարման օրվան հաջորդող օրվա ավարտին։ Սակայն իրավասությունը կարող է անցնել ավելի շուտ, եթե ստացողը մինչ այդ ժամկետը ստորագրում է հաշվարկային փաստաթուղթը (իրավասությունն անցնում է ստորագրման պահին) կամ ստացողը հավաստում է նույնականացման միջոցների տվյալների ստուգման մասին (իրավասությունն անցնում է հավաստման պահին)։ Նույնականացման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն անցնում է գնորդ կողմին, եթե ծածկագրերը հաշվին կցող կազմակերպությունը հանդիսանում է այդ ծածկագրերի սեփականատերը։ Հակառակ դեպքում ծածկագրի սեփականատիրոջ փոփոխություն դեռևս չի իրականացվում։

18․ Գնորդի կողմից հաշիվը ստորագրելուց հետո, արդյո՞ք համակարգում հնարավոր է խմբագրում և ծածկագրերի ուղղում իրականացնել

Հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի ավելացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ավելացվում են նոր ապրանք կամ ապրանքներ՝ ճշգրտող հաշիվ դուրս գրելու միջոցով։ Կարևոր է նշել, որ արդեն իսկ ներառված ծածկագրերը փոփոխման ենթակա չեն։ Մյուս բոլոր դեպքերում անհրաժեշտ է չեղարկել հաշվարկային փաստաթուղթը և դուրս գրել նոր հաշվարկային փաստաթուղթ։

19․ Եթե մատակարարը ծածկագրերի սեփականատերը չէ, կարող է արդյո՞ք դրանք ներառել հաշվարկային փաստաթղթում

Ներկայում համակարգը հնարավորություն է տալիս կցել ծածկագրեր՝ չհանդիսանալով դրանց սեփականատերը։

20․ Արդյո՞ք E-Mark Invoice հավելվածում պահեստապետն առանց ծածկագրերը ստուգելու կարող է ստորագրել հաշիվը

Այո, պահեստապետն առանց ապրանքների դրոշմավորման ծածկագրերը ստուգելու կարող է ստորագրել հաշիվը, քանի որ E-Mark Invoice բջջային հավելավածն առաջարկում է երկու տարբերակ՝ ստուգել ծածկագրերը կամ անմիջապես ստորագրել հաշիվը։ Չստուգված, սակայն ստորագրված հաշվի ծածկագրերը ձեռք են բերում «Չստուգված, սեփականատերը փոխված» կարգավիճակ։

21․Արդյո՞ք ընդունող կողմին անհրաժեշտ է ունենալ mID նույնականացում

Եթե պահեստապետը պետք է ստորագրի հաշիվը, ապա անհրաժեշտ է ունենալ mID նույնականացում։ Իսկ եթե նրան տրված է միայն ապրանքների դրոշմավորման ծածկագրերի ստուգման իրավունք, ապա mID չի պահանջվում։ Միաժամանակ, կարևոր է հիշել, որ թե՛ ստուգման, թե՛ ստորագրման դեպքում սեփականատիրոջ փոփոխությունն իրականացվում է ինքնաշխատ։

22․ Ինչպե՞ս է իրականացվում նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի դուրսգրումը

«Նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի դուրսգրումն իրականացնելու համար ծածկագրի սեփականատեր հանդիսացող հարկ վճարողի կողմից Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական  համակարգի (ԱԴԱՏՀ) կամ «E-mark Businnes» հավելվածի միջոցով պետք է ներկայացնել նույնականացման ծածկագիրը խոտանելու վերաբերյալ հաշվետվություն։»

23․ Պատասխանատվության ի՞նչ միջոցներ են սահմանված նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու դեպքում

ՀՀ հարկային օրենսգրքի 416.1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր նույնականացման միջոցի վերաբերյալ տեղեկատվություն չփոխանցելու կամ սխալ փոխանցելու համար սահմանվում է 30 000 դրամ տուգանք։

24․ Ո՞ր դեպքում է պարտադիր հաշվարկային փաստաթղթում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելու պահանջը

2026 թվականի հունվարի 1-ից հաշվարկային փաստաթղթերում ԱՏԳ ԱԱ ծածկագրերը լրացնելու պահանջը պարտադիր է ապրանքների մատակարարման կամ տեղափոխման բոլոր գործարքների (բացառությամբ՝ անշարժ գույքի, հիմնական միջոց համարվող շարժական գույքի և ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների) դեպքում։

25․ Արդյո՞ք ապրանքի տեղափոխության բեռնագրում պետք է ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Այո, ապրանքներ տեղափոխելիս (բացառությամբ՝ անշարժ գույքի, հիմնական միջոց համարվող շարժական գույքի և ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների) բեռնագրում պարտադիր է ներառել տեղափոխվող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։

26․Արդյո՞ք մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը դուրս գրված ապրանքների մատակարարման հաշվարկային փաստաթղթի ճշգրտման դեպքում պետք է ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Եթե կազմակերպությանն անհրաժեշտ է ճշգրտել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը մատակարարված ապրանքների մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը, ապա ճշգրտվող փաստաթղթում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու պահանջը պարտադիր չէ։

27․Արդյո՞ք հիմնական միջոց հանդիսացող անշարժ գույքի տեղափոխման բեռնագրում պետք է ներառել ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Ոչ, անշարժ գույքի, հիմնական միջոց համարվող շարժական գույքի և ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների տեղափոխման դեպքում բեռնագրում ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու անհրաժեշտություն չկա։

28․ Ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթում արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներառի ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Ոչ, ԱՏԳ ԱԱ ծածկագրերն անհրաժեշտ է ներառել միայն ապրանքների մատակարարման համար դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում։

29․ Արտադրող, բայց ներմուծող չհանդիսացող կազմակերպության կողմից ապրանքների մատակարարման կամ տեղափոխման դեպքում արդյո՞ք պարտադիր է հաշվարկային փաստաթղթերում ներառել ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Այո՛, բոլոր տնտեսվարող սուբյեկտները ԱՏԳ ԱԱ ծածկագրերը (բացառությամբ՝ անշարժ գույքի և Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների) պետք է ներառեն ինչպես ապրանքների մատակարարման համար դուրս գրվող հարկային հաշվում, հաշիվ վավերագրում և դրանք ճշգրտող հաշվարկային փաստաթղթերում, այնպես էլ ապրանքների տեղափոխման դեպքում դուրս գրվող բեռնագրում (բացառությամբ՝ անշարժ գույքի, հիմնական միջոց համարվող շարժական գույքի և Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետով սահմանված ապրանքների)։

30․ Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը չներառելու համար

Հաշվարկային փաստաթղթում կամ բեռնագրում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը չներառելու համար սահմանված է պատասխանատվություն ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածով։

Նմանատիպ նյութեր