211652_close_icon

Մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում աճել է

views-count1045 դիտում article-date 12:43 15-02-2026
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին՝ մանկական քաղցկեղի և քաղցկեղով հիվանդ երեխաների ու դեռահասների, այդ հիվանդությունը հաղթահարածների և նրանց ընտանիքների առջև ծառացած եզակի մարտահրավերների մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար, - այս մասին հայտնում է «Հերացի» վերլուծական կենտրոնը։

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա թեման է` «Ազդեցության ցուցադրում. մարտահրավերից դեպի փոփոխություն»։

2024-2026 թվականների արշավի այս վերջին տարին կենտրոնանում է խնամքի ոլորտում չափելի առաջընթացի ընդգծման, անհավասարության նվազեցման և մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային ապրելիության շոշափելի արդյունքների ցուցադրման վրա։

2018 թվականի սեպտեմբերին ԱՀԿ-ն հայտարարել էր նոր ջանքերի՝ ԱՀԿ մանկական քաղցկեղի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության մասին, որի նպատակն է մինչև 2030 թվականը հասնել քաղցկեղով հիվանդ երեխաների առնվազն 60% ապրելիության մակարդակի` այդպիսով փրկելով ևս մեկ միլիոն կյանք: Այս նոր նպատակը կրկնապատկում է քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային բուժման մակարդակը։

Նախաձեռնության գլխավոր նպատակը երկշերտ է. առաջին` բարձրացնել մանկական քաղցկեղի առաջնահերթությունը՝ համաշխարհային և ազգային մակարդակներում իրազեկվածության բարձրացման միջոցով, և երկրորդը` ընդլայնել երկրների կարողությունները՝ մանկական քաղցկեղի խնամքի լավագույն փորձը կիրառելու համար։

Ամեն օր ավելի քան 1000 երեխաների մոտ քաղցկեղ է ախտորոշվում։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում ապրող երեխաների ավելի քան 80%-ը հաղթահարում է հիվանդությունը։ Սակայն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում և դրանից դուրս ապրող շատ երեխաների համար իրականությունը ցավոք այլ է` մահվան ելքով։

Քաղցկեղը երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է: Մանկական քաղցկեղի ախտորոշումից հետո ողջ մնալու հավանականությունը կախված է այն երկրից, որտեղ երեխան ապրում է. բարձր եկամուտ ունեցող երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների ավելի քան 80%-ը բուժվում է, սակայն ցածր և միջին եկամուտ ունեցող շատ երկրներում՝ այդ թիվը 30%-ից պակաս է:

Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում գոյատևման ցածր մակարդակի հիմնական պատճառներն են՝

• ուշ ախտորոշման
• ճշգրիտ ախտորոշման անկարողություն
• անհասանելի թերապիա
• բուժման դադարեցում
• մահ թունավորումից (կողմնակի ազդեցություններ)
• կանխարգելելի կրկնություն (ռեցիդիվ, որից կարելի է խուսափել):

Մանկական քաղցկեղի բուժման, այդ թվում՝ անհրաժեշտ դեղամիջոցների և տեխնոլոգիաների հասանելիության բարելավումը խիստ ծախսարդյունավետ է, իրագործելի և կարող է բարելավել ապրելիությունը բոլոր պայմաններում։

Վաղ հայտնաբերման դեպքում քաղցկեղն ավելի հավանական է, որ կարձագանքի արդյունավետ բուժմանը և կհանգեցնի ապրելիության ավելի մեծ հավանականության, դժվարությունների նվազեցման, ինչպես նաև հաճախ ավելի էժան և պակաս ինտենսիվ բուժման: Քաղցկեղով երեխաների կյանքում կարելի է զգալի բարելավումներ կատարել՝ քաղցկեղը վաղ հայտնաբերելով և խնամքի ուշացումներից խուսափելով: Ճիշտ ախտորոշումը կարևոր է քաղցկեղով երեխաների բուժման համար, քանի որ յուրաքանչյուր քաղցկեղ պահանջում է բուժման հատուկ ռեժիմ, որը կարող է ներառել վիրահատություն, ճառագայթային թերապիա և քիմիաթերապիա:

Վաղ ախտորոշումը բաղկացած է երեք բաղադրիչներից՝

• ընտանիքների և առաջնային օղակի բժիշկների կողմից ախտանիշների մասին իրազեկվածություն,
• ճշգրիտ և ժամանակին կլինիկական գնահատում, ախտորոշում և փուլավորում (քաղցկեղի տարածման աստիճանի որոշում),
• արագ բուժման հասանելիություն։

Մանկական քաղցկեղը կապված է մի շարք նախազգուշական ախտանիշների հետ, ինչպիսիք են ջերմությունը, ուժեղ և կայուն գլխացավերը, ոսկրային ցավը և քաշի կորուստը, որոնք կարող են հայտնաբերվել ընտանիքների և որակավորված առաջնային օղակի մասնագետների կողմից:

Վաղ ախտորոշումը կարևոր է բոլոր պայմաններում և բարելավում է բազմաթիվ քաղցկեղների ապրելիության ցուցանիշը: Վաղ և ճիշտ ախտորոշումը խթանող ծրագրերը հաջողությամբ իրականացվել են բոլոր եկամտային մակարդակների երկրներում, հաճախ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ, որտեղ կարևոր դեր են խաղում ծնողական խմբերը:

Նմանատիպ նյութեր