211652_close_icon
views-count880 դիտում article-date 16:25 07-11-2026

Կիպրոսի կրթության և սպորտի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կիպրոսի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կիպրոսում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանի և ՀՀ-ում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է Հուշահամալիրի կառուցման պատմությունը ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը:
Տիկին Աթենա Միխայիլիդուն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Լուսինե Աբրահամյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան և ՀՑԹԻ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վերջում ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և տիկին Աթենա Միխայիլիդուին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր։

Նմանատիպ նյութեր