211652_close_icon
views-count1286 դիտում article-date 12:17 04-02-2023

Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի՝ միջինը 7700 նոր դեպք. Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք: Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում 7700 են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։

Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի քաղցկեղը: Վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել:

Նախարարությունը նաև ներկայացրել է իրականացվող ծրագրերը.

2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։

Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով, իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում: Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար:

Կարևորելով պալիատիվ բուժօգնության դերն ու նշանակությունը` Հայաստանում 2022 թվականին պալիատիվ բժշկական օգնության գծով պետական պատվեր է տեղադրվել շուրջ 17 բժշկական հաստատություններում: 2022 թ. դրությամբ` Երևանում և մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն են մատուցում շուրջ 37 արտահիվանդանոցային և հիվանդանոցային հաստատություններ:

2021 թվականին ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կենտրոնը:

2022 թվականին ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան նոր պալիատիվ ծառայության կլինիկա:

Վաղ ախտորոշման հաջողված գործիքներից են ապացուցողական հենք ունեցող սքրինինգային ծրագրերը:

Շարունակվում է 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվել արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը` ՊԱՊ թեստի հետազոտությունները:

2021 թվականից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը:

Շարժական մամոգրաֆը տեղակայվել է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 8 քաղաքներում` սպասարկելով համապատասխան տարածաշրջանների 50-69 տարեկան կանանց: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» աջակցությամբ:

2022 թվականին փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայում և Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որը կշարունակվի նաև այս տարի:

Բարեհաջող շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը, կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ I-III փուլ Her(+) պացիենտներին, անվճար տրամադրվում է շվեյցարական նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ 600 մգլ» դեղը` յուրաքանչյուրին ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով, ինչի շնորհիվ բարելավվել է նրանց կյանքի որակը:

Նմանատիպ նյութեր