211652_close_icon
views-count7695 դիտում article-date 10:51 14-07-2016

Կարմիր գծերի տուգանքները բողոքարկվում են, տուգանքների մասին որոշումները՝ բեկանվում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում հետզհետե ավելանում է իրավագիտակից քաղաքացիների, այս դեպքում՝ վարորդների, քանակը, որոնք հրաժարվում են վճարել չմատուցված ծառայության դիմաց։ Խոսքը չարաբաստիկ կարմիր գծերի և ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար գանձվող տուրքերի մասին է։ Ինչի՞ համար տարեկան վճարել 12 հազար դրամ, եթե փոխարենը ոչինչ չես ստանում։ Առավել ևս՝ ինչո՞ւ վճարել 5000 դրամ տուգանք՝ 15 րոպեից ավելի կարմիր գծերում կանգնելու և 100 դրամ չվճարելու համար։ Առավել ևս՝ ինչո՞ւ պետք է վճարի սովորական քաղաքացին, իսկ ոստիկաններն ու պետական աշխատողներն այս հարցում արտոնություն ունենան ու պարտավոր չլինեն վճարել։ Կարմիր գծերի հետ կապված այս նորմերը սահմանող մեր պետական այրերը կանոնները սահմանելիս, թերևս, մոռացել են, որ ՀՀ Սահմանադրությունն արգելում է ցանկացած տիպի խտրականություն ու անհամաչափություն։ Կարմիր գծերի տուգանքները բողոքարկող վարորդների թիվն օրեցօր ավելանում է։ Եվ ուշագրավն այն է, որ գրեթե ցանկացած գրագետ կազմված բողոք բավարարվում է ու տուգանքների մասին որոշումները բեկանվում են։ Փաստաբան Արամազդ Կիվիրյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, որ վարչական դատարանում բազմաթիվ վարույթներ կան կարմիր գծերի հետ կապված, ընդ որում` շատ դեպքերում մինչ գործը կսկսի քննել դատարանը, քաղաքապետարանն արդեն բեկանում է իր որոշումը։ Իսկ եթե վարչական դատարանը չբավարարի որևէ հայց, ըստ Ա. Կիվիրյանի, մտադիր են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընդհանրապես կարմիր գծերի նորմերի սահմանադրականությունը։ Փաստաբանի համոզմամբ՝ կարմիր գծերը չեն կարող բերել այն արդյունքին, որով հիմնավորվում էին այդ նորմերի ընդունումը։ Ա.Կիվիրյանի խոսքով՝ համաչափությունն ապահովված չէ նաև այն առումով, որ, օրինակ, եթե տարբեր երկրներում նման կարգավորումների հետ համեմատենք, այնտեղ վճարովի կայանատեղիների հակառակ մայթն անվճար է, դրանով ապահովվում է համաչափությունը, ու մարդիկ ընտրության հնարավորություն ունեն. «Մենք այսօր նման ընտրություն չունենք, ու, եթե մարդը կայանում է լրիվ այլ տեղում, ոչ կարմիր գծերում, գալիս է տուգանք, որ կայանել է ոչ նախատեսված վայրում։ Այսինքն՝ քաղաքացիները չափազանց կաշկանդված են»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր