211652_close_icon

«ՀԷՑ»-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 3-րդ օրն է, առանց մեկ րոպե դադարի, «ՀԷՑ-ի մասնագետները աշխատում են, ժամեր անց էլեկտրամատակարարումը կվերականգնվի բոլոր հասցեներում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count3835 դիտում article-date 23:30 29-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով արդեն 3 օր է, ինչ հատուկ մասնագետների խումբը շարունակում է «Վարդաշեն» ենթակայանում իր աշխատանքները, և մոտ 3–4 ժամ անց ենթակայանում կիրականացվի էլեկտրաէներգիայի միացում, որի շնորհիվ էլ «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը կվերականգնվի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները 3 օր է կատարվում են «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության 100-ից ավելի մասնագետների կողմից՝ նույնիսկ սառնամանիքին և 24 ժամ աշխատանքային ռեժիմով։

Ժամեր անց օրեր առաջ խոշոր էներգատեխնիկական վթարի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում էլեկտրամատակարարումը կվերականգնվի։

Տեղում աշխատում են նաև «ՀԷՑ» հատուկ շարժական լաբորատորիաները, հիմնովին փոխվել են մալուխները, տեղադրվել են 23 նոր բջիջներ, քանի որ նախկին գործող մալուխներն ու բջիջները պայթյուն-հրդեհի հետևանքով վերածվել էին մոխրակույտի։

Այն, որ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության աշխատակիցները հսկայական աշխատանքներ են կատարում «Վարդաշեն» ենթակայանում, ակնհայտ է։

Սակայն որոշ «գիտունիկներ» սոցիալական ցանցերի իրենց էջերում գրում են, թե՝ «Մենք լինեինք՝ մի քանի ժամվա ընթացքում միացումները կտայինք»։ Այսպիսի մարդկանց մասին մեկ բառով պետք է ասել․ «Աշխա՜րհ, կանգնի՛ր, իջնող կա»։

Իսկ ժողովուրդը ժամեր անց կստանա հոսանքը՝ շնորհիվ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության 100-ավոր աշխատակիցների, «ՀԷՑ»-ի ղեկավար կազմի, ովքեր ամեն ինչ արեցին և անում են, որ մեկ ժամ շուտ էլեկտրամատակարարումը վերականգնվի, ինչը ժամերի ընթացքում կզգան 100-ավոր քաղաքացիներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝  3 օր է՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 60-ից ավելի աշխատակիցներ, հատուկ մասնագետներ, էլեկտրամոնտյորներ 24 ժամ ռեժիմով, սառնամանիքի պայմաններում աշխատանքներ են իրականացնում Էրեբունի վարչական շրջանում գործող «Վարդաշեն» ենթակայանում, որտեղ օրեր առաջ պայթյուն էր տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով մեծ թվով շենքեր, սեփական տներ, խանութներ, ուսումնական հաստատություններ, խաչմերուկներում եղած լուսակիրներ անջատվել ու հոսանքազրկել էին։

ՀԷՑ-ի աշխատակիցները ոչ թե վերանորոգում են, այլ կարելի է ասել զրոյից հավաքում են նոր ենթակայան, իսկ դա բավականին ծանր և երկար աշխատանք է պահանջում, բայց ՀԷՑ-ականները նույնիսկ առանց ընդմիջման անում են անհնարինը, որպեսզի օր առաջ էլեկտրամատակարարումը վերականգնվի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն 2 անգամ նշված վայր է ժամանել Ռ. Պետրոսյանը, իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով տեղում իրավիճակը հասկանալու համար ժամանել է քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը:

Նշված հատվածում երթևեկությունը Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով ժամանակավորապես դադարեցվել է։

Վթարի վայրում աշխատող ՀԷՑ-ի աշխատակիցները նշում էին, որ փորձում են գոնե այսօր էլեկտրամատակարարումը ժամանակավորապես վերականգնել, իսկ մինչ այդ ենթակայանի մեջից դուրս են բերում մոխրի վերածված հատուկ բաշխիչ արկղերը, որոնց թիվն անցնում է 20-ը, փոխարենը տեղադրվելու են նորերը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր