211652_close_icon

Գողության դեպք՝ Երևանում․ ոստիկանության գվարդիայի ծառայողները վնասազերծել և ձերբակալել են «Chevrolet Volt»-ի կողային հայելիները գողացած 39-ամյա քաղաքացուն

views-count3379 դիտում article-date 10:08 24-12-2025
Դեկտեմբերի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեում գողություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետ տեղակալ Արծրուն Միքայելյանի  գլխավորությամբ։

Արդեն տեղում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Վիգեն Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 20։30-ի սահմաններում նկատել է, որ անհայտ անձը փորձել է գողանալ Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեի մոտ կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի հայելիները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի 3-րդ ջոկի ոստիկանները դեկտեմբերի 17-ին ժամը 20։30-ի սահմաններում գտնվելով Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեի մոտ նկատել են վազող քաղաքացիների, որոնցից՝ Վիգեն Գ․-ն, հայտնել է, որ փախուստի դիմող անձը գողացել է իր ավտոմեքենայի հայելիները, որից հետո ոստիկանների միջամտության շնորհիվ փախուստը կանխվել է և նշված հասցեից գողության փորձ կատարելու կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 39-ամյա Վահան Բ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր