211652_close_icon

Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել 3-ամյա Տիգրանի որոնողական գործընթացին․ ՆԳՆ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1435 դիտում article-date 22:29 28-10-2025
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։

«Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։

Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-նշվում է հայտարարության մեջ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում առավոտյան ժամը 06:00-ից վերսկսվել են նույն գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։

Գյուղ է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, իսկ որոնողական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր հրշեջ-փրկարարներ Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու ջոկատներից, Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության փրկարարներ, Ճամբարակի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի քաղաքապետարաններից ժամանած մեծ թվով աշխատակիցներ՝ քաղաքապետերի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի բաժինների համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետերի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ ՊԾ պետի տեղակալ Էդգար Սուսլիյանի, գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։ 

Ողջ գիշեր դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացրել նաև Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առանց ընդմիջման ողջ գիշեր և մինչև այս պահը աշխատում են նաև ոստիկանության և փրկարար ծառայության կինոլոգներ, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի բազմաթիվ ծառայողներ։

Մինչ այս պահը երեխայի հայտնաբերման ուղղությամբ դրական տեղեկություն չունենք, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Փրկարարները բաժանված են մի քանի խմբերի, որոնք առանձին-առանձին ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը,Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգյանը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր