211652_close_icon

ՀԱՄԱՍ-ը մեղադրել է իսրայելական ուժերին հրադադարը խախտելու համար

views-count331 դիտում article-date 16:42 14-10-2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մեղադրել է Իսրայելի պաշտպանության ուժերին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազիմ Կասսամը։

 «Իսրայելական բանակի կողմից այսօր առավոտյան Գազայի մի քանի բնակիչների սպանությունը օդային և հրազենային հարվածների միջոցով հրադադարի համաձայնագրի խախտում է։ Մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին վերահսկել Իսրայելի գործողությունները և ապահովել, որ նա չխուսափի միջնորդների առջև իր պարտավորություններից՝ Գազայի դեմ պատերազմի ավարտի վերաբերյալ»,- նշել է խոսնակը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի Արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը հայտնել է, որ մի քանի պաղեստինցիներ վիրավորվել են իսրայելական բանակի կրակից Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Հալաուա շրջանում:

Բապտիստական ​​հիվանդանոցը հայտարարել է Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջայիա թաղամասում իսրայելական ուժերի կողմից հինգ պաղեստինցիների զոհվելու մասին։ 
Նասեր բժշկական համալիրն իր հերթին հայտնել է, որ երկու պաղեստինցի է վիրավորվել իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում արձակված կրակոցների հետևանքով։

Իսրայելական բանակն իր հերթին պնդել է, որ կրակ է բացել «Գազայի հատվածում դեղին գիծը հատելու փորձ կատարող կասկածյալների» ուղղությամբ։

«Փորձեր են արվել կասկածյալներին հեռացնելու համար։ Կասկածյալները չեն ենթարկվել և շարունակել են մոտենալ զորքերին, որոնք կրակ են բացել՝ սպառնալիքը վերացնելու համար։

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում Գազայի բնակիչներին հետևել հրահանգներին և չմոտենալ տարածքում տեղակայված զորքերին», - նշվել է հայտարարության մեջ։

Պաղեստինյան աղբյուրները նաև հայտնել են, որ հոկտեմբերի 14-ի առավոտից Գազայի հատվածի հյուսիսում բախումներ են տեղի ունենում Ներքին գործերի նախարարությանը կից անվտանգության աշխատակիցների և իսրայելական ուժերի միջև։

Բացի այդ, ըստ հրապարակումների՝ Իսրայելի ուժերը լուսաբացին ներխուժել են Արևմտյան ափի Նաբլուս և Տուբաս քաղաքներ՝ թիրախավորելով վերջերս փոխանակման շրջանակներում ազատ արձակված մի շարք բանտարկյալների տները։

Նմանատիպ նյութեր