211652_close_icon

Վրաերթ՝ Երևանում. էլեկտրական ավտոմեքենան Նորք-Մարաշում՝ «Երևան Սիթի»-ի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, կոտրել երկաթե ճաղավանդակն ու հայտնվել սուպերմարկետի տարածքում. վիրավորին ծայրահեղ ծանր վիճակում դուրս են բերել մեքենայի տակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4648 դիտում article-date 15:59 06-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում էլեկտրական ավտոմեքենան Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան 143 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված կնոջը քաղաքացիները, վրաերթի հարևանությամբ գործող «Երևանի Սիթի» սուպերմարկետի աշխատակիցները դուրս են բերել ավտոմեքենայի առջևի հատվածի տակից, իսկ մինչ այդ հետիոտնը կանգնած է եղել մայթին, երբ նշված ավտոմեքենան, որը կայանված է եղել «Երևան Սիթի»-ի դիմաց, առաջ է ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 1 մետր բարձրությունից հայտնվել բնակելի շենքի և «Երևան Սիթի»-ի տարածքում:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Սարգսյանն ու Հովհաննես Մկրտչյանը: 

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդը Հայաստանում հայտնի գործարար է:
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձ, եղել է սթափ: 

Լուսնակարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր