211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ 18-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով բախվել է քարե պարսպին․ կան վիրավորներ․ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ վթարի մեղավորը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, որը դեպքի վայրից դիմել է փախուստի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1978 դիտում article-date 16:53 05-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ա․-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտում և բախվել քարե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վանիկ Լալայանը և Սևան Առաքելյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավոր ուղևորի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի մեղավորը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով վթարից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։

Պարեկային ծառայությունը պարզում է այս տեղեկության իսկությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր