211652_close_icon
views-count83108 դիտում article-date 21:16 03-07-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի. «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին. կա վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։ Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու, ապա տեղափոխել հիվանդանոց, իսկ 1 հոգու էլ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «Nissan»-ին հարվածած, դեպքի վայրից փախած ավտոմեքենայի մակնիշը և վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր