211652_close_icon

Որտեղի՞ց եք վերցրել, թե այս գործում ռուսական հետք կա, այդպիսի զրույց կա՞ այս գործում. Բագրատ Սրբազան

views-count340 դիտում article-date 16:40 02-10-2025
Ութ ամիս գաղտնալսել են, բավարար չի եղել հիմք ունենալու համար, վերջին ճիգ են գործադրել, որ մեր խոսակցությունները լսեն, պարզելու համար, թե իրենց խելքին պառկած  այդ թաքստոցները, զենքերը, որտեղ են։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ իրեն ու Միքայել Սրբազանին նույն խցում են տեղավորել, որ գաղտնալսեն։

«Այ սա է, որ մեղադրողը հանդես է եկել որպես զրպարտող։ Եվ երկրորդը, ես հրապարակային հարցումներ եմ արել գլխավոր դատախազին էլ, քննչական կոմիտեի խեղճ ղեկավարին էլ։ Խեղճ, խղճուկ, ամոթ մեզ, որ Քննչական կոմիտեի այդպիսի ղեկավար ունենք։ Դատախազի մասին չեմ ասում, կին է։ Ես ասել եմ՝ մինչև այս քառօրյայի ավարտը, եթե իմ հարցումների պատասխանը չեղավ, ուրեմն դուք բացարձակ ստախոս ու խաբեբաներ եք։ Քառօրյան այսօր ավարտվում է, իմ ասածը մնում է, բնականաբար, մնում է ոչ միայն այսօրվա համար, այլ նաև վաղվա համար, մյուս օրվա համար։

Երկրորդ հարցումս հետևյալն է, ասում եք՝ մեզ տեղեկություններ են հասել, որ այս գործի մեջ ռուսական հետք կա։ Հիմա ես հրապարակային ձեզ եմ հարցնում, որ գործը ուսումնասիրել եք, մանրամասն քննել եք, այդպիսի տեղեկություն կա՞։ Ես ԱԳՆ–ին եմ հարցրել։ Պատգամավորներին խնդրում եմ, որպեսզի հաջորդ նիստերին այդ հարցադրումը կատարեն։
Հիմա ես հարցնում եմ՝ այդպիսի զրույց եղե՞լ է, թե՞ ոչ, և երկրորդը՝ ռուսական հետք կա՞ այս գործի մեջ, թե չկա։ Ուրեմն ամեն աղբ լցրել են մեր կյանք, բավարար չի և այստեղ այս 18 հոգուն ամբողջությամբ զրպարտության, բանսարկության հողի վրա։ Եթե հանրային մեղադրողները հրահանգով են ստանձնել՝ վատ է, եթե կամավորաբար են ստանձնել՝ շատ ավելի վատ է։

Պատվարժան դատարան, երևի ժամանակ չունենալով կամ տեղյակ չլինելով գործի մանրամասնությանը, հավանաբար տուրք եք տվել, վստահաբար նաև որոշակի կողմնորոշվածություն արդեն իսկ ունենալով։ Ես դեռ ձեզ ոչինչ չեմ ուզում ասել այդ թեմայով, այդուհանդերձ, կարծում եմ, որքան իմ գիտելիքները թույլ են տալիս պատկերացնել, որ դուք պարտավոր էիք մանրամասն նայելու»,– ընդգծեց Բագրատ Սրբազանը։

Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Նմանատիպ նյութեր